հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Լիտվայի Սեյմի պատվիրակության հետ հանդիպմանը ԱԺ պատգամավորները բարձրաձայնել են Արցախում տիրող իրավիճակը

Լիտվայի Սեյմի պատվիրակության հետ հանդիպմանը ԱԺ պատգամավորները բարձրաձայնել են Արցախում տիրող իրավիճակը

Լիտվայի Հանրապետության Սեյմի պատվիրակության` Հայաստան այցի շրջանակում ապրիլի 5-ին պատվիրակության անդամները հյուրընկալվել են ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում:

Նշենք, որ նախորդ տարի ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Միջազգային հանրապետական ինստիտուտի աջակցությամբ աշխատանքային այցով եղել էր Լիտվայում` նպատակ ունենալով ուսումնասիրել սոցիալական պաշտպանության և աշխատանքի իրավունքի ոլորտում լիտվական փորձը:

Հերիքնազ Տիգրանյանի գլխավորությամբ հանձնաժողովի անդամները ողջունել են հյուրերին խորհրդարանում, քննարկել պատվիրակության` նախորդ երկու օրերին Աշխատանքի և սոցիալական նախարարությունում, արհմիություններում և Աշխատանքի տեսչությունում կայացած հանդիպումների արդյունքները:

Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը հյուրերին ներկայացրել է վերջերս Ազգային ժողովի ընդունած Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները:

Հյուրերը բարձրաձայնել են Աշխատանքային օրենսգրքով աշխատողների իրավունքների և հասարակության հավասար հնարավորությունների ապահովման իրենց հաջողված փորձը, հայ գործընկերներին որակյալ օրենսդրություն մշակելու հարցում աջակցելու պատրաստակամություն հայտնել:

Հայ խորհրդարանականները նշել են, որ սոցիալական խնդիրներից, իրավահավասարությունից բացի կարևոր է նաև երկրների անվտանգությունն ու անկախությունը: Այս համատեքստում հանձնաժողովի անդամները բարձրաձայնել են Արցախում տիրող իրավիճակի մասին:

«Ցանկացած օրենսդրական փոփոխություն, սոցիալական ծրագիր, բնակչության բարեկեցությանն ուղղված ջանք իզուր կլինեն, եթե ապահովված չէ երկրի անվտանգությունը»,- նշել է Հերիքնազ Տիգրանյանը` ակնկալելով բոլոր ժողովրդավարական երկրների աջակցությունը` Հայաստանի անվտանգային համակարգն ուժեղացնելու և խաղաղության օրակարգն առաջ մղելու համար:

Կողմերը կարևորել են նմանատիպ հանդիպումները` ընդգծելով, որ դրանք նպաստում են բարելավելու ոլորտի օրենսդրությունը:

Պատվիրակության այցը կազմակերպվել էր Միջազգային հանրապետական ինստիտուտի աջակցությամբ:

  • Կիսվել: