ԱԺ-ն երկու նոր պատգամավոր ունի․ նրանցից երդվեց միայն մեկը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի հերթական նիստին տեղեկացրեց, որ ԿԸՀ-ը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորների մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին թիվ 2 և թիվ 3 արձանագրությունները:
Ըստ այդ արձանագրությունների՝ մանդատները տրվում են «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հաջորդ թեկնածու Ասպրամ Կրպեյանին և ՔՊ-ի ընտրական ցուցակի առաջին մասի հաջորդ թեկնածու Միքայել Թումասյանին:
«Հիմա նորընտիր պատգամավորները ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի պետք է երդվեն: Տիկին Կրպեյանը ըստ ամենայնի դեռ պատգամավոր չի, որովհտեւ չի երդվի այս պահին, նա ներկա չէ դահլիճում: Պարոն Թումասյան, համեցեք ամբիոնի մոտ»,-ասաց Ալեն ՍԻմոնյանը:
Միքայել Թումասյանը ԱԺ ամբիոնից հնչեցրեց երդման տեքստը:
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունից պատգամավորական մանդատից հրաժարվել էր ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը, որին ցուցակում հաջորդում էր Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, ով նույնպես հայտարարությամբ հրաժարվել էր մանդատից: Հետեւաբար, մանդատը բաժին էր հասել իրենց դաշինքի ցուցակում հաջորդ թեկնածու Ասպրամ Կրպեյանին:
Իսկ ՔՊ խմբակցությունից Նազելի Բաղդասարյանն օրերս նշանակվել է Շիրակի մարզպետ եւ նրա մանդատը բաժին է հասել Միքայել Թումասյանին: