երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
«Լիարժեք երաշխավորություն ստանալ հնարավոր չէ». ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին

«Լիարժեք երաշխավորություն ստանալ հնարավոր չէ». ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին

Իհարկե, լիարժեք երաշխավորություն ստանալ հնարավոր չէ, բայց մենք պետք է անենք այն հնարավորը, որպեսզի նվազեցնենք այդ ռիսկերը: Այդ մասին, այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նրան, որ Նիկոլ Փաշինյանը չի հերքել, որ հնարավոր է՝ պայմանագիրը կնքվի և հետո կրկին Ադրբեջանը հարձակվի:

«Իհարկե, համաձայնագրի կնքումը ևս քայլ է, որպեսզի ապահովենք նման իրավիճակը։ Համաձայնագրի դեպքում այդ ռիսկը նվազում է առավել, քանի որ ունենք նաև միջազգային հանրության ուշադրությունը: Հայտարարությունը, որ ավարտել ենք բանակցությունները տեքստի շուրջ, տեսեք ինչ հայտարարություններ առաջացրեց ամենատարբեր երկրներից։ Այսինքն այստեղ պետք է նայենք, թե ինչքանով մենք կարող ենք նվազեցնել նման ռիսկերը»,-ասաց նա:

Հարցին՝ միջազգային երաշխիքներ տրվելու են արդյոք, Պարույր Հովհաննիսյանն ասաց. «Գիտեք, որ կարեւորագույն երաշխավորողը ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն է, եւ մենք տեսանք, որ բանակցությունների ավարտը ողջունեցին ՄԱԿ-ի ԱԽ բոլոր հինգ մշտական անդամները՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը և Ռուսաստանը»:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք այդ երկրները ցանկություն ունեն հանդես գալ որպես միջնորդ կամ երաշխավոր, նա արձագանքեց. «Այս պահին չեմ կարող պատասխանել այդ հարցին, բայց միջազգային ինստիտուտները այնտեղ են, թե ԵԱՀԿ-ն, թե ՄԱԿ-ը, թե այլ ձևաչափերը:

Մենք թե ՌԴ-ի, թե բոլոր մեր գործընկերների հետ, որոնք կարող են նպաստել այս գործընթացին, իհարկե, արձագանքում ենք և և քննարկում ենք:

  • Կիսվել: