ԼՀԿ-ն այսօր միակ քաղաքական ուժն է, որը չի այրել կամուրջները ոչ մի քաղաքական ուժի հետ. Սամսոնյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության օրակարգում հիմա չկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
«Մենք չենք տեսնում իշխանությանը՝ որպես երաշխավոր այդ թափանցիկ, արդար ընտրությունների անցկացման համար, որովհետեւ իշխանությունն այսօր ինքը փողոց դուրս գալու խնդիր ունի, ինչպե՞ս է նա պատրաստվում երաշխավորել մնացյալի անվտանգությունը։ Մենք ունենք մեկ պահանջ՝ Փաշինյանի հրաժարականը սահմանադրական ճանապարհով»,- նշեց պատգամավորը։
Անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի այն առաջարկին, թե իր օգնությամբ պետք է լինի Ազգային համաձայնության կառավարություն, հարցին՝ արդյոք «Լուսավոր Հայաստանը» պատրա՞ստ է քննարկում ունենալ նախագահի հետ, պատգամավորն ասաց.
«Մենք ոչ միայն պատրաստ ենք, այլ գիտենք, որ հանդիպումներ են եղել նախագահի հետ եւ, ըստ երեւույթին, ասում ենք՝ անցումային կառավարություն, նախագահն ասում է՝ Ազգային համաձայնության կառավարություն, դրանք նույն բանն են՝ տարբեր անվանումներով։ Քաղաքական ուժերի կոնսենսուսով պատրաստ ենք ստանձնել այդ պատասխանատվությունը։ «Լուսավոր Հայաստանն» այսօր միակ քաղաքական ուժն է, որը չի այրել կամուրջները ոչ մի քաղաքական ուժի հետ։ Չայրել կամուրջները նշանակում է՝ պահպանել քաղաքական համագործակցային հարաբերություններ՝ առանց վիրավորանքի, առանց ատելության, առանց հայհոյանքի, եւ առանց կարմիր գծերը հատելու»։


