շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԼՂ-ին բանակցություններից բացառել հնարավոր չէ. Մնացականյանի հարցազրույցը РБК-ին

ԼՂ-ին բանակցություններից բացառել հնարավոր չէ. Մնացականյանի հարցազրույցը РБК-ին

Ռուսական РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքում ամրագրել է բանակցային ընթացիկ ձևաչափի անփոփոխելիությունը, բայց դա չի նշանակում, որ Լեռնային Ղարաբաղը բացառվում է բանակցություններից:

Մնացականյանը բանակցային ձևաչափի անփոփոխելիության վերաբերյալ պայմանավորվածության ձեռք բերումը համարել է Մոսկվայում կայացած բանակցությունների գլխավոր արդյունքը:
 
Նա, մասնավորապես, նշել է, որ ԼՂ-ն բանակցային գործընթացից բացառել հնարավոր չէ, քանի որ հարցը վերաբերում է հենց Լեռնային Ղարաբաղին, նրա բնակչությանը, որն իշխանություն է ընտրել:
 
՛՛Ինչ գնահատական էլ որ հնչեցնի այս առումով ադրբեջանական քարոզչությունը, իրողություններ գոյություն ունեն: Այն, որ Ղարաբաղը բանակցային սեղանին շուրջ չէ, չի նշանակում, որ մենք մեր կողմից չենք աշխատում նրա ներկայացուցիչների հետ:
 
Բայց եթե որևէ մեկը ենթադրում է, թե մենք Ղարաբաղ ենք զանգում և հրամաններ տալիս, ապա նա բացարձակապես չի պատկերացնում Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, մեր կյանքում և մեր հարաբերություններում առկա իրողությունները: Ադրբեջանի քարոզչության մեջ Լեռնային Ղարաբաղի ներգրավման հարցը այդպես սուր է դրված, որովհետև նրանց համար շատ կարևոր է ցույց տալ, որ սա «հայ-ադրբեջանական» հակամարտություն է, որում Ղարաբաղն ընդհանրապես տեղ չունի: Բայց իրողություններն այլ են՛՛,-ասել է ԱԳ նախարարը:
 
Ըստ Մնացականյանի՝ միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը վերջինի անվտանգության ապահովման կարևոր միջոց է:
 
Նրա խոսքով՝ մեր պատկերացմամբ՝ ԼՂ հարցի կարգավորումը առաջին հերթին անվտանգության տևական, կայուն ու ամուր ապահովումն է, այնտեղ ապրող մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգության ապահովումը:
 
՛՛Այս հարցում Երևանն ակնկալում է միջազգային հանրության աջակցությունն ու ակտիվ մասնակցությունը: Այսօր մենք շատ բարդ իրավիճակում ենք, երբ Ադրբեջանը փաստացի գնում է հակամարտության ռազմական լուծման ճանապարհով, երբ նրանք փաստացի ոչ միայն ուժի կիրառման սպառնալիք են գործի դրել, այլ նաև հենց ուժ են կիրառել անմիջականորեն և մեծ հարված հասցրել խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին: Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը միջազգային հանրության կողմից անվտանգության ապահովման կարևոր միջոց է՛՛,-ասել է Մնացականյանը:
 
Նախարարը նշել է նաև, որ Թուրքիան ագրեսիվ քաղաքականություն է արտահանում Հարավային Կովկաս՝ ագրեսիվորեն միակողմանի աջակցություն ցույց տալով Ադրբեջանին և ահաբեկիչների տեղակայելով տարածաշրջանում. ՛՛Մեզ նման ակտիվ մասնակցություն բացարձակապես պետք չէ, մենք դա որևէ կերպ չենք կարող ընդունել, առավել ևս՝ ողջունել՛՛:

  • Կիսվել: