ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԼՂ հարցի քննարկումը կարող է մի հարթակ լինել, որտեղ ինչ-որ պահի մի սեղանի շուրջ կնստեն ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան. ՀՀ նախագահ

ԼՂ հարցի քննարկումը կարող է մի հարթակ լինել, որտեղ ինչ-որ պահի մի սեղանի շուրջ կնստեն ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան. ՀՀ նախագահ

Հայկական կողմը բոլոր բանակցությունների ժամանակ շեշտում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կա՝ ի հակառակ ադրբեջանական կողմի պնդումների, թե ԼՂ խնդիր այլևս չկա:

Ռուսաստանի հայ համայնքի հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: «Մենք բոլոր բանակցությունների, համատեղ հայտարարությունների ժամանակ միշտ շեշտում ենք, որ կա Լեռնային Ղարաբաղի խնդիր, և դա պետք է արձանագրվի ցանկացած հանդիպման ժամանակ»,- ասել է ՀՀ նախագահը:

Նա հավելել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ քննարկումները պետք է շարունակվեն Մինսկի խմբի համանախագահության հարթակում: Նախագահի խոսքով՝ շատ կարևոր է, որ Մինսկի խմբի համանախագահությունն էլ գտնում է, որ ԼՂ խնդիրը լուծված չէ:
 

«Այստեղ մի կարևոր հարց կա. թվում է՝ այսօրվա պայմաններում այդ հանդիպումը հնարավոր չէ կազմակերպել, որովհետև Ռուսաստանն, ԱՄՆ-ը ու Ֆրանսիան մի սեղանի շուրջ չեն կարող նստել, բայց պայմանավորվածությունն այնպիսին է, որ պետք է շարունակենք»,- նշել է Խաչատուրյանը՝ հավելելով, որ  նման տրամադրվածություն կա նաև  ՌԴ-ի կողմից:

Նրա խոսքով՝ սա կարող է նաև յուրահատուկ հարթակ լինել, որ ինչ-որ մի պահի Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան նստեն սեղանի շուրջ: «Անունը կլինի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր, բայց կարող է այդ անվան տակ լրիվ այլ հարցեր քննարկվեն: Սա շատ կարևոր եմ համարում»,- ասաց ՀՀ նախագահը՝ նկատելով, որ ցանկացած հարցում, որտեղ չկա երկխոսություն, ավարտը կոնֆլիկտն է կամ պատերազմը:

  • Կիսվել: