հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԼՂ հարցի լուծման բանալին ՌԴ ձեռքում էր մինչև այս պատերազմը, հիմա Ռուսաստանն ինքն այնքան խնդիրներ ունի, որ այդ բանալին կորցրել է. Լևոն Տեր-Պետրոսյան

ԼՂ հարցի լուծման բանալին ՌԴ ձեռքում էր մինչև այս պատերազմը, հիմա Ռուսաստանն ինքն այնքան խնդիրներ ունի, որ այդ բանալին կորցրել է. Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կարծում է, որ Ռուսաստանի հետ շատ ավելի նորմալ, կոնստրուկտիվ հարաբերություններ կլինեին, եթե չլիներ այս նոր իրողությունը՝ ռուս-ուկրաինական պատերազմը, քանի որ հիմա ամեն ինչ խառնվել է: Այս մասին նախկին նախագահն ասաց Հանրային ՀԸ-ի եթերում:

Տեր-Պետրոսյանը նշեց. ՛՛Մեզ համար շատ ավելի վտանգավոր վիճակ է ստեղծվել։ Ռուսաստանն այստեղ դեր ուներ և միշտ կատարել է, եթե 30 տարի պրոցեսը սառեցվեց, Ռուսաստանն էր հիմնական դերակատարը՛՛:

Ադրադառնալով դիտարկմանը, թե Արցախի հարցի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում է՝ Տեր-Պետրոսյանն ասաց, որ այդ հարցն արդեն լուծվել է։

՛՛Կներեք, չեմ ուզում հուսահատեցնել մարդկանց, ոչ թե այն առումով, որ լուծվել է, այլ Հայաստանն այլևս ոչ մի խոսք չունի Արցախի հարցում. չկա Հայաստանը, Արցախում դերակատար չէ։ Միակ բանը հումանիտար օգնությունն է, շինարարությունը, տնտեսության վերականգնումը՛՛-ասաց նա և ընդգծեց. ՛՛Բանալին ՌԴ ձեռքում էր մինչև այս պատերազմը, հիմա Ռուսաստանն ինքն այնքան խնդիրներ ունի, որ այդ բանալին կորցրել է։ Հիմա դուք Ռուսաստանից ինչ-որ ակնկալիք կարո՞ղ եք ունենալ, հիմա շատ վտանգավոր վիճակ է, այսպիսի վտանգավոր վիճակ չի եղել։ Գուցե կարելի է ասել, որ Կարիբյան ճգնաժամից հետո սա տասնապատիկ ավելի մեծ ճգնաժամ է...՛՛:

Հարցին, թե Հայաստանի տարածքով միջանցքը ստանալն ինչու է կարևոր եւ ում համար, առաջին նախագահն ասաց, որ չգիտի, չի տիրապետում այդ ինֆորմացիան:

՛՛Ես չգիտեմ այդ ինֆորմացիան: Հազար ու մի տարբեր բաներ ենք ստանում: Ով ասաց, որ վերջնական որոշում կա: Ինձ համար հստակ է դեմարկացիայի եւ դելիմիտացիայի խնդիրը: Մի օր պետք է լինի դա՛՛,-ասաց նա:

Հաղորդավարի դիտարկմանը, որ խորհրդարանական ընդդիմությունը կարող է կանչել վարչապետին եւ պահանջել պատմել, թե ինչ է կատարվում, Տեր–Պետրոսյանն արձագանքեց․ ՛՛Կանչեն, որ հետո իրար վրա շշեր շպրտե՞ն: Մենք հիմա խորհրդարան էլ չունենք։ Եթե մեկ ֆրակցիա գալիս, իր ուզածն ընդունում է, էլ ի՞նչ խորհրդարան՛՛:

Խոսելով այն մասին, թե ինչ հետաքրքրվածություն, դերակատարում ունի ԱՄՆ-ն, առաջին նախագահն ասաց, որ Միացյալ Նահանգներն ունի կարողություն, Ռուսաստանի մոտ կարողությունները թուլացել են, քանի որ ուշադրությունը ուկրաինական պատերազմում է։

՛՛Գուցե ԵՄ-ն էլ ունի հնարավորություն առավել չբարդացնելու մեր վիճակը: Այսքանը: Ոչ ավելին: Սա էլ է վտանգված: Նայած Միացյալ Նահանգները եւ Եվրոմիությունը որքան կխրվեն այս ռուս-ուկրաինական պատերազմի խնդիրների մեջ: Գուցե մի պահ գա, որ իրենք ուշադրություն չդարձնեն՝ այստեղ ինչ է կատարվում: Եթե այն ժամանակ ասում էի՝ լրջանալու պահն է, հիմա հազարապատիկ լրջանալու պահն է՛՛:

Առաջին նախագահը նաև հրաժարվեց պատասխանել հարցին, թե ինչպես կավարտվի ռուս-ուկրաինական հակամարտություն: ՛՛Դուրս եկեք փողոց, ձեր բոլոր հարցերին կպատասխանեն: Ես չգիտեմ՛՛,-ասաց նա։

 

 

  • Կիսվել: