երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է Իրանի հետ երկխոսությանը վերադառնալու հնարավորության մասին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է Իրանի հետ երկխոսությանը վերադառնալու հնարավորության մասին

Իրանի շուրջ ստեղծված իրավիճակում դեռևս կա երկխոսության և դիվանագիտության վերադառնալու հնարավորություն, եթե այն փակվի, ավերածությունները կարող են հասնել անպատկերացնելի չափերի, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսին:
 
Նրա խոսքով՝ միջուկային զենքի չտարածման ռեժիմը, որն ավելի քան կես դար ծառայել է որպես միջազգային անվտանգության հիմք, սպառնալիքի տակ է հայտնվել։
 
«Իրանում տեղի ունեցող դրամատիկ իրադարձությունները ավելի լուրջ են դարձել գիշերային ռմբակոծություններից և հակամարտության հավանական ընդլայնումից հետո։
 
Մենք ունենք հնարավորությունների պատուհան՝ վերադառնալու երկխոսությանը և դիվանագիտությանը։ Եթե այդ պատուհանը փակվի, բռնության և ավերածությունների մակարդակը կարող է հասնել անհավանական չափերի, և միջուկային զենքի չտարածման գլոբալ ռեժիմը կարող է փլուզվել»,- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակ տեսակապի միջոցով ասել է Գրոսսին։
 
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը շեշտել է, որ Իրանին, Իսրայելին և ամբողջ Մերձավոր Արևելքին խաղաղություն է անհրաժեշտ, և դիվանագիտության ճանապարհը դեռևս առկա է։
 
«Մենք պետք է վերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ և թույլ տանք գործակալության տեսուչներին՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի պահապաններին, կրկին այցելել Իրանի միջուկային օբյեկտներ և գնահատել նրա ուրանի պաշարները, ներառյալ՝ մինչև 60% մակարդակի հարստացված կարևորագույն 400 կիլոգրամ ուրանը։
 
Ցանկացած համաձայնագիր, ցանկացած կարգավորում պետք է հիմնված լինի տեղում փաստերի ճշգրտման վրա։ Դա հնարավոր է միայն ԱԷՄԳ-ի ստուգումների միջոցով»,- եզրափակել է խոսքը Գրոսսին:

  • Կիսվել: