շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«ԼՂ հակամարտությունն ավարտված է. Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետություններին հրավիրում ենք Զանգեզուրի միջանցքը շահագործելու». Ալիև

«ԼՂ հակամարտությունն ավարտված է. Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետություններին հրավիրում ենք Զանգեզուրի միջանցքը շահագործելու». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Բաքուն, Անկարան և Թեհրանը մտադիր են համատեղ ջանքերով զարգացնել տարածաշրջանային տրանսպորտային նախագծերը, ինչից Երևանը նույնպես կարող է օգուտ քաղել, հայտնում է Minval.az–ը:

«Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը ընդհանուր դիրքորոշում ունեն տարածաշրջանում տրանսպորտային նախագծերի իրականացման հարցում: Եթե Հայաստանն իրեն նորմալ պահի, կարող է օգուտ քաղել այս գործընթացից», - Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) հինգշաբթի կայացած գագաթնաժողովի ընթացքում ասել է Ալիևը:

Նա նշել է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմն ավարտվել է՝ հակամարտությունն անցյալում թողնելով:

«Ինչպես արդեն ասացի, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտվել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի փառահեղ հաղթանակով: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն անցյալում է: Հիմա մենք մտածում ենք ապագայի մասին: Մենք սկսել ենք քննարկել այնպիսի տրանսպորտային նախագծերը, որոնք տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար շատ երկրների են միավորում», - ընդգծել է Ալիևը։

Նա հավելել է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությումբ նախատեսում է տրանսպորտային միջանցք կառուցել, որն Ադրբեջանը կապելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում:

Ալիևը կոչ է արել Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետություններին՝ միանալ նախագծին․ «Ես կցանկանայի նշել, որ նոր միջանցքը, որն անցնելու է Ադրբեջանի պատմական տարածքով` Զանգեզուրով, և Ադրբեջանի հիմնական մասը կապելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ, տրանսպորտային ոլորտում նոր հնարավորություններ է ստեղծելու: Մենք հրավիրում ենք Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետություններին Զանգեզուրի միջանցքը շահագործելու»:

  • Կիսվել: