երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի որեւէ սահմանափակում չպետք է լինի․ Գրիգորյան

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի որեւէ սահմանափակում չպետք է լինի․ Գրիգորյան

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի հարցում որեւէ սահմանափակում չպետք է լինի: Այս մասին կառավարությունում կայացած ճեպազրույցում ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Լրագրողները փորձեցին Անվտանգության խորհրդի քարտուղարից հայտնի հայտարարության հաստատում ստանալ, թե «Արցախը Հայաստան է եւ վերջ»։ Ի պատասխան, խուսափելով մեջբերումը կրկնելուց, Գրիգորյանը հայտարարեց, որ երեկ խորհրդարանում կառավարության ժամին այս մասին շատ է խոսվել։

Բաքվում հաշտության համաձայնագրի հնարավորության եւ տարբեր պայմաններ առաջ քաշելու հարցին ի պատասխան Արմեն Գրիգորյանն ասաց, որ հայկական կողմը շարունակելու է աշխատել, որպեսզի կարողանա համապարփակ խաղաղ համաձայնագիր ձեւակերպել։ «Խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար անհրաժեշտ է, որպեսզի մենք կարողանանք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծում գտնել. դուք գիտեք, որ կարգավորման հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների եւ քաղաքական գործիքակազմի միջոցով փորձել գտնել հակամարտության լուծումը։ Կան նաեւ բազմաթիվ այլ խնդիրներ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի ապաշրջափակում, սահմանազատում եւ սահմանագծում, այդ հարցերի լուծմամբ խաղաղության համաձայնագրի հիմքեր ստեղծելու համար»,- ասաց նա։

Ի պատասխան հիշեցման, որ Բաքուն պահանջում է ճանաչել Ղարաբաղի տարածքային ամբողջականությունն Ադրբեջանի կազմում, Գրիգորյանը սկսեց նախատել լրագրողներին Ադրբեջանի դիրքորոշումը կրկնելու համար։ «Ես ձեզ ասում եմ՝ Հայաստանի մոտեցումներն այսպիսին են, իսկ դուք...»։ «Որո՞նք»,- փորձեցին պարզել լրագրողները։

«Ասացի»,- պատասխանեց Գրիգորյանը։ «Չեք ձեւակերպել»,- հակադարձեցին չորրորդ իշխանության ներկայացուցիչները։ «Ձեւակերպված է: Պետք է ուշադիր լինել»,- սկսեց նյարդայնանալ Գրիգորյանը։ «Կարող ենք ձեզ խնդրել կրկնել: Մեկ նախադասությամբ»,- շարունակեցին լրագրողները։

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի հարցում որեւէ սահմանափակում չպետք է լինի: Հակամարտության լուծումը պետք է գտնենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո` բանակցությունների միջոցով։ Առանց կարգավիճակի որեւէ սահմանափակման։ Բոլոր կետերը մանրամասն ներկայացված են կառավարության ծրագրում»,- ընդգծեց Գրիգորյանը։ 

 

  • Կիսվել: