հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կյանքում ենթակա չէի ունեցել, մի փոքր վախենում էի․ ՀՀ արդարադատության առաջին նախարարի հարցազրույցը

Կյանքում ենթակա չէի ունեցել, մի փոքր վախենում էի․ ՀՀ արդարադատության առաջին նախարարի հարցազրույցը

Հայաստանի Հանրապետության առաջին արդարադատության նախարար Վահե Ստեփանյանը պաշտոնը ստանձնեց բավականին բարդ և պատասխանատու տարիներին. Խորհրդային Միությունից ժառանգած սահմանադրություն և  օրենսդրություն, որը պետք էր փոխել և ստեղծել պետության իրավական նոր հիմք՝ Անկախության հրչակագրին համապատասխան։ Բացի այդ, սկսվել էր գույքի, ձեռնարկությունների և հողերի սեփականաշնորհման, դատական համակարգի բարեփոխումների գործընթացը, և այդ ամենը անհրաժեշտ էր իրականացնել պատերազմական տարիներին։

 1991 թվականին 43-ամյա Վահե Ստեփանյանը ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում առաջատար գիտաշխատող էր, Մոսկվայում արդեն պաշտանել էր դոկտորական ատենախոսությունը։ Այդ ժամանակ նրան անակնկալ զանգահարում է վարչապետ Վազգեն Մանուկյանը և խնդրում հանդիպել։ Հանդիպման ժամանակ վարչապետը Ստեփանյանին առաջարկում է Արդարադատության նախարարի պաշտոնը։

«Ես վարչապետին ասացի. «Ուզում եմ տեղյակ պահել, որ այն մարդն եմ, որը կյանքում երբևէ ենթակա չի ունեցել, դրա համար, ճիշտն ասած, մի քիչ վախենում եմ»։ Մանուկյանն ինձ ասաց. «Գիտեք, ես ամբողջ կյանքս վարչապե՞տ եմ եղել։ Ինձ համար էլ դա նորություն է»։ Այնուամենայնիվ, ինձ մտածելու ժամանակ էր պետք, սակայն քննարկման վերջում Մանուկյանը պնդեց, որ համաձայնվեմ։ Ասացի մի պայմանով կընդունեմ. հենց զգամ, որ չեմ կարողանում աշխատել, դիմում եմ գրում ու գնում։ Վարչապետն ասաց. «Գնալը միշտ էլ կա, բայց այդ տրամադրությամբ մի անցեք աշխատանքի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում հիշում է Ստեփանյանը՝ ներկայում Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչը։

Դեռ ուսանողական տարիներին Ստեփանյանը հարազատների երեխաներին սովորեցնում էր կատակով իրեն ասել «քեռի պրոֆեսոր» և «քեռի մինիստր», բայց չէր պատկերացնում, որ մի օր այդ խոսքերը մարգարեական կլինեն։

«Նշանակվելուց հետո եկա տուն, ընտանիքի անդամները հարցրեցին, թե ինչ խոսակցություն էր վարչապետի հետ, ասեցի ինձ նշանակել են Արդարադատության մինիստր (այն ժամանանակ «նախարար» եզրույթը չէր օգտագործվում)։ Մայրս ինձ ասաց. «Լսիր, դու որտեղի՞ց գիտեիր… Լավ պրոֆեսորը հասկացանք, բա մինի՞ստրը»,- ժպիտով պատմում է Ստեփանյանը։

Որպես ոլորտի բարձրակարգ մասնագետ՝ 1980-ական թվականների վերջերց սկսած Ստեփանյանին հաճախ էին հրավիրում ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նիստերին, հանձնաժողովների հանդիպումներին և այլ քննարկումների։

«1988 թվականի վերջին ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանը ինձ նշանակել էր իր արտահաստիքային խորհրդական։ Գագիկ Հարությունյանի, Հարություն Կարապետյանի և ապարատի այլ աշխատակիցների հետ գնում էինք ՀԽՍՀ Գերագույն խորհրդի փակ նիստերին՝ տեղեկանքներ էինք գրում, ելույթներ և այլն։ Հետո, երբ Հայոց համազգային շարժումը ներթափանցեց Գերագույն խորհուրդ, ինձ ուղարկում էին նաև բանակցելու։ Ես շատ հաճախ, իհարկե, Լևոն Տեր-Պետրոսյանի հետ էի հանդիպում, նա ինձնից կարծիք էր հարցնում որպես իրավաբանի»,- ասաց Ստեփանյանը՝ հավելելով, որ հենց Գերագույն խորհրդում էր ծանոթացել Վազգեն Մանուկյանի հետ։

Արդարադատության առաջին նախարարը հիշում է, թե ինչպես առաջին անգամ մտավ իր աշխատասենյակը. «Խորհրդային Միությունից մնացած նախարարարություն էր, հետո արդեն փոխվեցին տեղակալները, վարչության պետերը։ Շատերը թոշակային տարիքի էին և թոշակի անցան»։

Ստեփանյանն ընդգրկվել էր նաև Սահմանադրական հանձնաժողովում, որի նախագահն էր Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ քարտուղարը՝ Արա Սահակյանը։

«Սկսեցի զբաղվել նաև սահմանադրական բարեփոխումների խնդիրներով։ Դա այն ժամանակն էր, որ պետք էր նոր պետականության հիմքեր ստեղծել, և այսօր էլ հպարտանում եմ, որ մի քանի սահմանադրական օրենքների համահեղինակ կամ հեղինակ եմ, որոնք ամրագրում էին պետության իրավական հիմքերը։ Օրինակ՝ ասեմ «Հայաստանի անկախության մասին» հռչակագրին համապատասխան ընդունված օրենքների մասին, ընդամենը մի նախադասությունով բարդ խնդիր լուծեցինք՝  եթե հռչակագրի հիման վրա ընդունված օրենքները հակասում են ՀԽՍՀ սահմանադրությանը, ապա գործում են հռչակագրի օրենքները։ Այն ժամանակ գործում էր Խորհրային Հայաստանի սահմանադրությունը, և, օրինակ, մասնավոր սեփականություն չէր կարող լինել, չկար բազմակուսակցական համակարգ, իսկ ՀԽՍՀ սահմանադրությունը դադարեցնել հնարավոր չէր, որովհետև ահագին բացեր էին մնում օրենսդրության մեջ»,- պատմում է Ստեփանյանը՝ ընդգծելով, որ այդ նախադասությունով ՀԽՍՀ սահմանադրությունը ավելի ցածր իրավաբանական ուժ ստացավ, քան Անկախության հրչակագրի հիման վրա ընդունված օրենքները։

Ստեփանյանը նաև մեծ ներդրում է ունեցել Անկախ պետականության հիմնադրույթների մասին օրենքում, որն ընդունվել է սեպտեմբերի 26-ին։

«Այնտեղ գրված էր այն ամենը, ինչ կար հռչակագրում, և մի բան էլ ավելի՝ դատական իշխանության անկախության մասին, բազմակուսակցականության և այլն»,- հավելեց իրավաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսորը։

Ստեփանյանը խոսեց նաև սեփականաշնորհման խնդրի մասին, որը շատերը քննադատեցին՝ համարելով հապճեպ կամ սխալ որոշում։ Նա մի պատմություն պատմեց, որ տեղի է ունեցել իր հետ Վաշինգտոնում՝ տարբեր երկրների Արդարադատության նախարարների մասնակցությամբ միջազգային կոնգրեսի ժամանակ։

«Ժողովներից մեկում քննարկվում էր հենց սեփականաշնորհման խնդիրը, և նիստը վարում էր տնտեսության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը (ցավոք, անունը չեմ հիշում): Նրան հարցրեցի. «Դուք ասում եք, որ հողերի սեփականաշնորհումը արագ է պետք անել (Հայաստանը ԽՍՀՄ հանրապետություններից առաջինն էր, որ սեփականաշնորհեց հողը), բայց մենք սխալներ ենք թույլ տվել, ինչպե՞ս կարելի է անել անսխալ»։ Այդ մարդն ինձ ասաց. «Զանգվածային սեփանակազրկում աշխարհը տեսել է, բայց զանգվածային սեփականաշնորհում երբեք չի եղել ոչ մի տեղ, այնպես որ ոչ ոք մեզ խորհուրդ չի կարող տալ, փորձեք անել, հետո ձեր սխալները կուղղեք»։

Հաշվի առեք, որ իշխանության սկզբնական շրջանում խոշոր ձեռնարկությունների սեփականաշնորհում չի եղել։ Եղել է հողի և միջին ու փոքր օբյեկտների սեփականաշնորհում, հետագայում էլ խոշոր ձեռնարկատիրությունները սեփականաշնորհվեցին։ Բայց սխալներ, իհարկե, եղել են։ Վարչապետ Հրանտ  Բագրատյանի ղեկավարությամբ հողի սեփականաշնորհման հանձնաժողովի անդամ էի, մինչև գիշերվա 2-3­ը նստած տարբերակներ էինք քննարկում։ Այսինքն՝ փորձ չկար և չկար ոչ միայն մեզ մոտ, այլև ընդհանրապես»,- ընդգծեց Ստեփանյանը, ով Բագրատյանի վարչապետության տարիների աշխատանքը համարում է ամենաբարդը, բայց ամենահետաքրքիրը։

Դատական համակարգը նույնպես պետք էր էականորեն փոփոխությունների ենթարկել, սակայն, ըստ Ստեփանյանի, Արդարադատության նախարարությունը հակասությունների մեջ էր ընկել դատախազության և գերագույն դատարանի հետ։

«Ի՞նչն էր խնդիրը՝ պետք էր եռաստիճան դատական համակարգ՝ առաջին ատյան, վերաքննիչ և վճռաբեկ։ Այդ ժամանակ Գերագույն դատարանը շատ քրեական գործեր քննում էր որպես առաջին ատյան, հետո վերաքննության կարգով էր քննում, հետո էլ՝ վճռաբեկության։ Այդ պատճառով եռաստիճան դատական համակարգի կոնցեպցիան առաջարկեցինք, որը Գերագույն խորհրդում չանցավ՝ ՀԿԿ-ն դեմ էր քվեարկում։ Բացի այդ, դատախազությունը և Գերագույն դատարանը փոփոխություն չէին ուզում»,- պատմում է Ստեփանյանը։

Հետագայում Արդարադատության առաջին նախարարը դատական համակարգում բերափոխման նախագիծը ներկայացրեց Սահմանադրական հանձնաժողովում։

«Սահմանադրական հանձնաժողովի նիստերից մեկի ընդմիջմանը, ես ու Լևոն Տեր- Պետրոսյանը նստած ծխում էինք և այդ ժամանակ Նախագահին ասացի. «Ընդմիջումից հետո մի բան կառաջարկեմ, որի համար բոլորդ ինձ քննադատելու եք»: Տեր-Պետրոսյանը կռահեց, թե ինչ եմ ներկայացնելու ու ասաց. «Դուք, երևի ուզում եք առաջարկել Արդարադատության խորհուրդը, եռաստիճան համակարգը և այդ ամեն ինչը։ Դուք մի վախեցեք, առաջարկեք, ես պաշտպանողը կլինեմ»։ Ես այդ առաջարկությունն արեցի, և իսկապես անցավ։ Այդ օրվանից սկսած դատական համակարգը եռաստիճան դարձավ, և ստեղծվեց Արդադարադատության խորհուրդը»,- նշեց Ստեփանյանը։

Նախարարի պաշտոնից ազատվելուց հետո Ստեփանյանը 1996 թվականին ստանձնում է Սահմանադրական դատարանի նախագահի տեղակալի պաշտոնը, սակայն կարճ ժամանակ անց թողնում է այդ պաշտոնը, որովհետ իր համար հետաքրքիր չէր այդ աշխատանքը։

«Ներկայումս զբաղվում եմ գիտական գործունեությամբ՝ հոդվածներ եմ գրում, գրքեր, մասնավորապես, նվիրված նոր կառավարման համակարգին, Նախագահի կարգավիճակին և, այսպես ասած, «կայունությանը»։ Ես չեմ ամաչել իմ հոդվածներից մեկում գրել 2015 թվականի սահմանդրական փոփոխություններ մասին, որ կայունությունը քանակի մեջ չէ, այլ որակի»,- նշեց Ստեփանյանը։

Ստեփանյանը նաև խոսեց Հայաստանի 29 տարվա անկախության ձերբերումներից։ Նա խորհուրդ տվեց համեմատել 1990-ական թվականների Հայաստանի կյանքը և թեկուզ կորոնավիրուսային պայմաններում ներկայիս կյանքի հետ։

«Չեմ ասում, որ այն ժամանակվա իշխանություններն էին մեղավոր՝ ես այդ իշխանության մեջ էի, որ ձմռանը  առավոտ ժամը 10-ին գալիս էի աշխատանքի  մինչև երեկոյան ժամերը վերարկուի մեջ փաթաթված աշխատում էի, որովհետև նախարարությունում էլ հոսանք չկար և ցուրտ էր։ Երբ աշխատողներին ասում էի՝ այդ ինչու չեք գրում, պատասխանում էին՝ մենք գրում ենք, գրիչները ցրտից չեն գրում․․․

Ունենք անկախ պետականություն, հզոր բանակ։  Շուշիի ազատագրումից հետո Մոսկվայում էի, ռուսները տպավորված ինձ ասում էին. «Սա ֆանտաստիկա է, դուք ինչպե՞ս կարողացաք Ադրբեջանին հաղթել։ Հնարավոր չէր՝ նրանց ռեսուսներով հանդերձ․․․»:

Անկախությունն այն բացարձակ արժեքն է, որն անհամամետելի է ցանկացած այլ երևույթի հետ»,- եզրափակեց Ստեփանյանը։

Կարեն Խաչատրյան

  • Կիսվել: