շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կշարունակենք քննարկումները սահմանազատման հարցով հանդիպումը կազմակերպելու շուրջ. ԱԳՆ

Կշարունակենք քննարկումները սահմանազատման հարցով հանդիպումը կազմակերպելու շուրջ. ԱԳՆ

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով հանձնաժողովի հանդիման չկայացման հանգամանքը` նշելով, որ հանդիպումը կազմակերպելու շուրջ քննարկումները շարունակվում են։

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ գերատեսչությունները, համաձայն Բրյուսելում երկու երկրների ղեկավարների պայմանավորվածության, հայտնել էին սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցով հանձնաժողովի կառուցվածքի հաստատման մասին: Թե ովքեր են ընդգրկված այդ հանձնաժողովի կազմում, հայտնի չէ: Սակայն, Հայաստանի արտգործնախարարը հայտարարել էր, թե երկկողմ այդ հանձնաժողովն մայիսի 16-17-ին Մոսկվայում առաջին նիստն է անցկացնելու, որը, սակայն, այդպես էլ տեղի չունեցավ, հայտնում են ԱԳՆ-ից:

Հանձնաժողովի անդամների հանդիպման չեղարկումը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «պատճռապանել է տեխնիկական դետալներով»:

«Մենք կշարունակենք այս հանդիպումը կազմակերպելու շուրջ մեր քննարկումները։ Կան որոշ տեխնիկական մանրամասներ, որոնք կողմերը պետք է համաձայնեցնեն: Եվ հուսով եմ, որ առաջիկա օրերին կամ շաբաթներին հանդիպումը, ի վերջո, կկայանա», - Բրյուսելում մայիսի 18-ին հայտնել է Միրզոյանը` պատասխանելով լրագրողի հարցին:

Անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մեկնարկին և Հայաստան կողմի ներկայացրած առաջարկներին` նախարարը նշել է, որ Ադրբեջանի կողմից այս կետերի վերաբերյալ դրական «արձագանք չենք լսել»:

«Մենք ի սկզբանե ասել ենք, որ Ադրբեջանի առաջարկած կետերում հայկական կողմի համար անընդունելի ոչինչ չկա, սակայն այդ կետերը չեն հասցեագրում հավանական և ակնկալվող խաղաղության պայմանագրի ողջ օրակարգը և առկա խնդիրների ամբողջական շրջանակը։ Եվ այս առումով մեզ համար կարևոր է քննարկել իրավունքների և անվտանգության հարցերը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։

Մենք կարծում ենք, որ կարևոր է շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ այս բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և մանդատի համաձայն։ Մինչ այժմ մենք Ադրբեջանի կողմից այս կետերի վերաբերյալ դրական արձագանք չենք լսել։ Բայց դուք գիտեք, որ ջանքեր են գործադրվում այդ բանակցությունները հնարավոր դարձնելու համար։ Այնպես որ, ես կարող եմ միայն ընդգծել մեր պատրաստակամությունը և մեր հանձնառությունը՝ մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ունենալու համար: Բայց դա ունենալու համար անհրաժեշտ է երկու կողմերի պատրաստակամությունը», - հավաստիացրել է նախարար Միրզոյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: