շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կրկին հավասարության նշան ՀՀ-ի և Ադրբեջանի միջև՝ ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիների՝ Ադրբեջանի կողմից չվերադարձվելու մասին հարցի առիթով

Կրկին հավասարության նշան ՀՀ-ի և Ադրբեջանի միջև՝ ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիների՝ Ադրբեջանի կողմից չվերադարձվելու մասին հարցի առիթով

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում ԵԽ Նախարարների կոմիտեի անունից ելույթ ունեցավ Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության պետքարտուղարի տեղակալ Բենեդետտո Դելլա Վեդովան: Նրա հետ հարցուպատասխանի ընթացքում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը խոսեց հայ ռազմագերիների՝ Ադրբեջանի կողմից չվերադարձվելու մասին: Այս մասին փոխանցում է Aravot.am-ը։ 

Արմեն Գևորգյանը հիշեցրեց՝ արդեն մեկ տարի և երեք ամսից ավելի է, որ հայ ռազմագերիները չեն վերադարձել Ադրբեջանից ու նշեց՝ նորմալ չէ, որ Եվրոպայի խորհրդի մի անդամ երկրի քաղաքացիներն ապօրինաբար պահվում են մյուս անդամ երկրում. «Դա Ադրբեջանն է, որը խախտել է ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, իր զորքերը չի հանել ՀՀ ինքնիշխան տարածքից: Նախագահ Իլհամ Ալիևը նոր պահանջներ և տարածքային նոր հավակնություններ է ներկայացրել իր հրապարակային ելույթներում: Սա Եվրոպայի խորհրդի անդամ երկրի պահվածք է, մի երկրի, որն ունի պարտավորություններ Եվրոպայի խորհրդի հանդեպ:

Պարոն պետքարտուղարի տեղակալ, ի՞նչ եք կարծում՝ ե՞րբ են մեր պատվիրակները տեսնելու մեր կազմակերպության աշխատանքի ավելի արդյունավետությունը որոշ անդամ պետությունների նման ագրեսիվ պահվածքը կասեցնելու համար»: Մինչ հարցին պատասխանելը՝ Բենեդետտո Դելլա Վեդովան նկատեց՝ հայ պատվիրակի հոռետեսական ակնարկն, ըստ էության, իրատեսական է: Այնուհետև անդրադառնալով հայ ռազմագերիների մասին հարցին՝ նա ասաց. «2020 և 2021 թվականի զինադադարի համաձայն՝ բոլոր ներգրավված կողմերին կոչ է արվել աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կայուն, խաղաղ կարգավորման համար:

Ուստի ես երկու կողմերին էլ կոչ եմ անում չձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը՝հանգեցնելով ժողովրդի հետագա տառապանքների։ Հակամարտության կարգավորումը Եվրոպայի խորհրդի պատասխանատվության դաշտում չէ, ոչ էլ նրա մանդատի շրջանակներում, բայց Մինսկի խմբի համանախագահները և Մինսկի խումբն ունեն իմ լիակատար աջակցությունը: Նրանք նաև պատասխանատու են ազատազրկված անձանց ազատ արձակման, հումանիտար խնդիրների լուծման համար:

Այնուամենայնիվ, Եվրոպայի խորհուրդն ունի կարևոր դերակատարություն, և մեր կազմակերպությունը պատրաստ է մեղմացնել ցավը, որն առաջացել է հակամարտության հետևանքով և օգնել ներդնել խաղաղության տանող միջոցառումներ, ներառյալ վստահության ամրապնդմանն ուղղված ծրագրերը»:

Բենեդետտո Դելլա Վեդովան հայտարարեց՝ պետք է վստահ լինենք, որ բոլոր կողմերը հարգում են մարդու հիմնարար իրավունքները, ներառյալ նրանք, որոնք սահմանված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով:

Այս առիթով նա փաստեց՝ հակամարտությանը վերաբերող բազում գանգատներ գտնվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վարույթում: Նա նաև հիշեցրեց՝ ՀՀ-ն և Ադրբեջանը, 2001-ին մուտք գործելով Եվրոպայի խորհուրդ, ստանձնել են հանձնառություն գտնել հակամարտության խաղաղ կարգավորում: Ուստի հիշեցրեց՝ երկու երկրներն էլ պետք է հավատարիմ մնան իրենց հանձնառություններին:


  • Կիսվել: