հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ռուսաստանը այս տարածաշրջանի անբաժանելի մասն է, ուստի չի կարող հեռանալ Հայաստանից. Պեսկովը՝ Փաշինյանին

Ռուսաստանը այս տարածաշրջանի անբաժանելի մասն է, ուստի չի կարող հեռանալ Հայաստանից. Պեսկովը՝ Փաշինյանին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը գնահատում է Հայաստանի հետ կառուցողական հարաբերությունները, սակայն ռուս խաղաղապահների առաքելության ձախողման մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեզերի հետ համաձայնել չի կարելի:

Ավելի վաղ Փաշինյանը հարցազրույց էր տվել իտալական La Repubblica թերթին, որտեղ, մասնավորապես, հայտարարել էր, որ ռուսական խաղաղապահ ուժերը չեն կատարում իրենց առաքելությունը ԼՂ-ում, և որ Ռուսաստանն ինքն է հեռանում տարածաշրջանից։
 
«Մենք խորապես հարգում ենք վարչապետ Փաշինյանին, բարձր ենք գնահատում նրա և նախագահ Պուտինի աշխատանքային և շատ կառուցողական հարաբերությունները և հուսով ենք, որ այդ հարաբերությունները կշարունակեն լինել երկու երկրների սերտ համագործակցության երաշխիք։ Բայց մենք չենք կարող համաձայնել պարոն վարչապետի այս թեզերի հետ։ Ռուսաստանը այս տարածաշրջանի բացարձակապես անբաժանելի մասն է, ուստի ոչ մի տեղ չի կարող գնալ։ Ռուսաստանը չի կարող լքել Հայաստանը», -  լրագրողներին ասել է Պեսկովը։
 
Նա հորդորել է չմոռանալ, որ «Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում», որոնց մեծ մասը Ռուսաստանի Դաշնության հայրենասեր քաղաքացիներ են և արժանի ավանդ ունեն երկրի զարգացման գործում։
 

Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին պարբերաբար փոխհրաձգություններ են տեղի ունենում. Վերջին լուրջ սրացումը տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 13-ի գիշերը։

Անցյալ տարի Երևանն ու Բաքուն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության միջնորդությամբ սկսեցին քննարկել ապագա խաղաղության պայմանագիրը։ 2023 թվականի մայիսի վերջին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր երկիրը կճանաչի Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի տարածքի հետ մեկտեղ՝ 86,6 հազար քառակուսի կիլոմետր ընդհանուր մակերեսով։ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը մոտ ապագայում կարող են խաղաղության պայմանագիր ստորագրել, եթե Երևանը չփոխի իր դիրքորոշումը։

  • Կիսվել: