երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Կոստանյանը ընդգծել է ցեղասպանությունների կանխարգելման հարցում բոլոր մակարդակներում քաղաքական կամքի կարևորությունը

Կոստանյանը ընդգծել է ցեղասպանությունների կանխարգելման հարցում բոլոր մակարդակներում քաղաքական կամքի կարևորությունը

Դեկտեմբերի 13-ին «Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների վաղ նախազգուշացման և վաղ  արձագանքման միջազգային մեխանիզմների արդյունավետության ամրապնդում» խորագրով Ընդդեմ ցեղասպանության հանցագործության 5-րդ գլոբալ ֆորումի ավարտին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդես է եկել եզրափակիչ խոսքով։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը իր երախտագիտությունն է հայտնել բոլոր զեկուցողներին հետաքրքիր և բովանդակային քննարկումների համար: Անդրադառնալով թեմատիկ քննարկումներին՝ Վահան Կոստանյանն ընդգծել է ցեղասպանության կանխարգելման օրակարգի առաջմղման գործում միանման քաղաքականություն որդեգրած փոքր պետությունների առաջնորդության կարևորությունը:

Վահան Կոստանյանը նշել է, որ, չնայած բոլոր մարտահրավերներին, նախադեպերին և հաջողված պատմությունների սակավությանը, անհրաժեշտ է ապահովել այս ուղղությամբ գործադրվող ջանքերի շարունակականությունը՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը համագործակցել բոլոր միջազգային գործընկերների հետ՝ ցեղասպանությունների կանխարգելման օրակարգն առաջ մղելու նպատակով: 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շեշտել է ցեղասպանությունների կանխարգելման հարցում ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում քաղաքական կամքի կարևորությունը:

Ամփոփելով՝ Վահան Կոստանյանն իր խոսքում նշել է.

«Ինչպես նշվեց քննարկումներից մեկի ընթացքում՝ մենք ենք միջազգային հանրությունը և մենք պետք է ապահովենք միջազգային իրավունքի կիրառումը»:

 

  • Կիսվել: