հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կոսովոն շարունակում է անկայունության աղբյուր մնալ Բալկանների համար. Թուրքիան այստեղ ևս մտնում է իր ռազմական արտադրանքով. «ՀՀ»

Կոսովոն շարունակում է անկայունության աղբյուր մնալ Բալկանների համար. Թուրքիան այստեղ ևս մտնում է իր ռազմական արտադրանքով. «ՀՀ»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ուկրաինական հակամարտությանը զուգահեռ սրվում է իրավիճակը նաեւ Բալկաններում, այս ընթացքում զարգացումներ են տեղի ունենում Կոսովոյի շուրջ։ Ինքնահռչակ Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին երեկ հայտարարել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Պրիշտինայի մտադրության մասին։ Վարչապետը ինքնավար մարզն անվանել է «տարածաշրջանի ամենաժողովրդավարական զարգացած երկիրը», որն «անմիջապես աջակցել է» հակառուսական պատժամիջոցներին։ Նա Սերբիային մեղադրել է Ռուսաստանի Դաշնությանը սատարելու մեջ՝ խորհուրդ տալով արեւմտյան երկրներին ուշադրություն դարձնել այդ հարցին։ Կուրտը նաեւ ողջունել է Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ Մոլդովայի, Ուկրաինայի եւ Վրաստանի դիմումները, ինչպես նաեւ հույս է հայտնել, որ ԵՄ-ն այս տարի կընդունի Կոսովոյի անդամակցության դիմումը։

Նշենք, որ մայիսի 12-ին Կոսովոն Եվրախորհրդին անդամակցելու հայտ ներկայացրեց։ Այս քայլը կարելի է համարել Սերբիայի վրա ճնշում գործադրելու հերթական գործիքներից մեկը՝ հաշվի առնելով, որ Եվրոպայի, թերեւս, միակ երկիրն է, որը պատժամիջոցներ չի կիրառել Ռուսաստանի դեմ։ «Մենք ավելի ու ավելի ենք դժվարանում պաշտպանել մեր ազգային շահերը: Այն օրվանից ի վեր, երբ ՌԴ նախագահը ֆորմալ իրավական եւ քաղաքական իմաստով բացատրեց, թե ինչի վրա են հիմնված իր գործողությունները Ուկրաինայում, Արեւմուտքը քրտնաջան աշխատում է Կոսովոյի հանգույցը քանդելու եւ այդպիսով վեճի վերաբերյալ փաստարկները Ռուսաստանի ղեկավարի ձեռքից վերցնելու համար»,- այդ մասին «Balkanist.ru»-ի տեղեկացմամբ ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Սերբական ուղղափառ եկեղեցու առաջնորդ Պորֆիրիի եւ հոգեւորականների հետ հանդիպմանը։

Ուշադրության է արժանի նաեւ Կոսովոյի՝ թուրքական ռազմական արտադրանք գնելու նախաձեռնությունը։ Մայիսի 17-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախագահության նախագահ Իսմայիլ Դեմիրը եւ ինքնահռչակ Կոսովոյի պաշտպանության նախարար Արմենդ Մեհայը Անկարայում ստորագրել են պայմանագիր պաշտպանական արդյունաբերության ապրանքների մատակարարման եւ սպասարկման վերաբերյալ։ Մեհայը Թուրքիային հավաստիացրել է իրենց հավատարմությունը եվրաինտեգրման նպատակներին եւ ՆԱՏՕ-ին անդամակցելուն։ Ի դեմ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244 բանաձեւի համաձայն՝ ինքնահռչակ հանրապետությունը սեփական բանակ ունենալու իրավունք չունի, սակայն չնայած դրան՝ Կոսովոյի ազատագրական բանակից (Սերբիայում ահաբեկչական ճանաչված) վերափոխված Կոսովոյի անվտանգության ուժերը ձեռք են բերում կանոնավոր բանակի հատկանիշներ, մասնակցում են ՆԱՏՕ-ի զորավարժություններին, ինչպես նաեւ զենք են ստանում արեւմտյան երկրներից։

Սերբիայի վրա ճնշումները տարբեր ուղղություններից են, դրանք ինչպես քաղաքական են, այնպես էլ՝ տնտեսական։ Թերեւս նման ճնշման արդյունք է այն, որ օրեր առաջ Տիրանայում (Ալբանիա) տեղի ունեցած Ադրիատիկ եւ Հոնիական տարածաշրջանների համար ԵՄ ռազմավարության յոթերորդ ֆորումի (EUSAIR) շրջանակներում մասնակից երկրների նախարարները, այդ թվում՝ Սերբիայի, ստորագրեցին Տիրանայի հռչակագիրը՝ դատապարտելով «Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա եւ հավատարմություն հայտնելով Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը եւ տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»։ Նշենք, որ ֆորումի անդամներն են Հունաստանը, Իտալիան, Սլովենիան, Խորվաթիան, Բոսնիա եւ Հերցեգովինան, Չեռնոգորիան, Ալբանիան, Սերբիան, իսկ այս տարվանից նաեւ Սան Մարինոն։

Չնայած դրան, Վուչիչը, ելույթ ունենալով մայիսի 15-ին սերբական հեռուստաալիքներից մեկի եթերում, նշել է, որ Սերբիան չի ենթարկվի Արեւմուտքի ճնշմանը, «իրավիճակը կարող է փոխվել միայն այն դեպքում, եթե սպառնան սպանել մեր երեխաներին»։ Նրա խոսքով՝ արեւմտյան երկրներն ասում են, որ չեն համաձայնի փոխել Ուկրաինայի սահմանները, մինչդեռ իրենք զբաղվում են Սերբիայի քարտեզի վերագծմամբ՝ ընդունելով Կոսովոյի անկախությունը։ Վուչիչը նաեւ հայտարարել է, որ միջազգային հարաբերություններում Սերբիան շարունակելու է առաջնորդվել սեփական շահերով եւ հավատարիմ մնալ եվրոպական ուղուն. «Սերբիայի ամենամեծ խնդիրն այն է, որ նա պաշտպանում է իր տարածքային ամբողջականությունը եւ չի ցանկանում ընդունել այն, ինչը դուք (Արեւմուտքը) թույլ չեք տալիս ընդունել Ուկրաինային»,- ասել է Վուչիչը՝ ընդգծելով, որ Սերբիան չի ճանաչի Կոսովոյի անկախությունը եւ ամեն գնով կպաշտպանի իր տարածքային ամբողջականությունը։ Արեւմուտքից բացի, պաշտոնական Բելգրադը ճնշում է զգում նաեւ ռուսական կողմից, երբ տարբեր առիթներով անդրադառնում են Կոսովոյի նախադեպին եւ որպես օրինակ բերում Դոնբասի համար։ «Սա անարդար է մեզ համար, բայց դա նրանց ձեռնտու է։ Ես վստահ չեմ, որ մենք նույնը չէինք անի՝ օգտագործելով Արեւմուտքի դաժան քաղաքականությունը եւ միջազգային իրավունքի խախտումները»,- ասել է Վուչիչը։

Ներկայումս Արեմուտքը խնդիր է դրել իր կառույցներում ընդգրել որքան հնարավոր է շատ «չեզոք» երկրների։ Մայիսի սկզբին Գեմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նշել էր, որ «արեւմտյան Բալկանների բոլոր երկրները պետք է հնարավորինս շուտ անդամակցեն ԵՄ-ին»։ Միգուցե նախկինում ավելի խիստ մոտեցումներ կային այս մասով, սակայն Ռուսաստանի հետ առճակատման համատեքստում նախապատվություններն ու առաջնահերթությունները փոփոխություններ են կրել։ Այսօր հռետորաբանությունը փոխվել է. «կանաչ ճանապարհ» բացվելու ակնարկներ են ստացվում Ալբանիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի համար, չնայած մինչեւ վերջերս ԵՄ-ին անդամակցության հայեցակարգն ավելի երկար եւ խիստ ընթացակարգեր էր նախատեսում։ Խիստ պայմանների արդյունքում էր, որ Սերբիան, Ալբանիան եւ Հյուսիսային Մակեդոնիան սկսեցին արագ զարգացնել իրենց «մինի-Շենգենը»՝ Բալկանյան բաց նախագիծը»:

  • Կիսվել: