ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կորոնավիրուսից մահացած անձանց դիահերձում չանելու նախագիծը հանվել է ԱԺ օրակարգից

Կորոնավիրուսից մահացած անձանց դիահերձում չանելու նախագիծը հանվել է ԱԺ օրակարգից

Կառավարությունը որոշել է երկրորդ ընթերցման օրակարգից հանել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը: Այդ մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:  

Նշենք, խոսքը կորոնավիրուսից մահացածներին չհերձելու վերաբերյալ նախագծի մասին էր, որը երեկ խորհրդարանն ընդունել էր առաջին ընթերցմամբ: 

Առողջապահության նախարարի տեղակալ Մարինե Ավանեսյանը նախագծի քննարկմանը, մասնավորապես, նշել էր, որ դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանում գործող ախտաբանաանատոմիական ծառայություն մատուցող կազմակերպությունները չունեն հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ և չեն բավարարում դրա համար նախատեսված միջազգային պահանջներին: 

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կորոնավիրուսի վարակվելիության աստիճանը դեռևս բացահայտված չէ, ինչպես նաև վիրուսի ապրելիության ժամանակահատվածը դեռ պարզված չէ դիակի ներսում և կարող է հերձման ընթացքում առաջացնել անդառնալի հետևանքներ, անհրաժեշտություն է առաջացել չիրականացնել հերձում՝ վարակի հետագա մեծածավալ տարածումը կանխելու նպատակով»,- պարզաբանել էր Ա.Ավանեսյանը:

  • Կիսվել: