շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Կոռեկտ կլինի ընդդիմադիրների վարքագիծը, եթե քվեարկեն ազգային փոքրամասնությունների օրինագծի օգտին. Բաքոյան

Կոռեկտ կլինի ընդդիմադիրների վարքագիծը, եթե քվեարկեն ազգային փոքրամասնությունների օրինագծի օգտին. Բաքոյան

Ազգային ժողովն իր այսօրվա՝ հոկտեմբերի 24-ի նիստում քննարկել է «Քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը:

Այն ներկայացրել է ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ նշելով. «Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետում առաջարկել եմ հետեւյալ լրացումը. «զավակ» բառից հետո ավելացնել «կամ ծնող» բառերը, որի դեպքում ՀՀ քաղաքացիություն կարող է ստանալ քաղաքացիություն չունեցող այն անձը, որն ունի քաղաքացի զավակ կամ ծնող:

Այս լրացումը հնարավորություն է ստեղծում ծնողի քաղաքացիության հիմքով չափահաս զավակին եւս տրամադրել քաղաքացիություն:

Նախագծով առաջարկել ենք հետեւյալ փոփոխությունը. «ՀՀ քաղաքացիություն կարող է ստանալ ՀՀ քաղաքացիություն չունեցող այն անձը, որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է ՀՀ քաղաքացիություն եւ որը օրենքով սահմանված կարգով վերջին մեկ տարին մշտապես բնակվել է ՀՀ-ում:

Առաձնահատուկ կարեւորում եմ, որ նախագծի ընդունման պարագայում ստեղծվելու է օրենսդրական հնարավորություն, որով բավականին նպաստավոր պայմաններ են  սահմանվելու հատկապես Հայաստանի ազգային փոքրամասնությունների համար քաղաքացիություն ստանալու նպատակով:

Հորդորում եմ իմ գործընկերներին, նաեւ ընդդիմադիր գործընկերներին, որովհետեւ իրենց մեջ էլ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորներ կան, երկուսն էլ՝ ասորական համայնքից: Ասորական համայնքն էլ ունի նման խնդիրներ: Ասորիներն էլ են դիմում, որ ՀՀ քաղաքացիություն ստանան:

Կարծում եմ՝ կոռեկտ կլինի մեր ընդդիմադիր գործընկերների վարքագիծը, եթե կողմ քվեարկեն իրենց գործընկերների ազգակիցների համար»:

  • Կիսվել: