շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կոչ ենք անում ձեռնպահ մնալ պատգամավորներին թիրախավորելու պատրանք ստեղծելու գործելակերպից. գլխավոր դատախազի խորհրդական

Կոչ ենք անում ձեռնպահ մնալ պատգամավորներին թիրախավորելու պատրանք ստեղծելու գործելակերպից. գլխավոր դատախազի խորհրդական

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն արդեն երկրորդ օրն է՝ շարունակաբար միտումնավոր սխալ տեղեկատվություն է հրամցնում հանրությանն առ այն, թե իբր ՀՀ գլխավոր դատախազը «հրահանգ» է ստացել ցանկացած գնով ձեռք բերել հիմնավորումներ՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի, խմբակցության այլ անդամների անձեռնմխելությունից զրկելու միջնորդություններով ՀՀ Ազգային Ժողովին դիմելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Նա նշել է. ՛՛Քանի որ տիկին Զզոհրաբյանը առիթը բաց չի թողնում այս ապատեղեկատվութունը անհիմն կերպով շարունակաբար կրկնել, ստիպված ենք հիշեցնել, որ նախ՝ ՀՀ գլխավոր դատախազն ի պաշտոնե հիմնավորումներ ու ապացույցներ գտնող չէ և ի տարբերություն տարատեսակ գրավոր հանձնառություններով իրենց կաշկանդող անձանց՝ հրահանգներով, հանձնարարություններով չի առաջնորդվում և իր գործառույթներն իրացնում է՝ հիմնվելով բացառապես Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված լիազորությունների, իսկ քրեական վարույթների շրջանակներում՝ նաև քրեադատավարական ընթացակարգերի և ապացույցների, փաստական տվյալների համակցված ամբողջականության գնահատման հիման վրա:

Կոչ ենք անում ձեռնպահ մնալ պատգամավորներին թիրախավորելու պատրանք ստեղծելու, դա քաղաքական նպատակներին ծառայեցնելու գործելակերպից, մնալ ողջախոհության սահմաններում և դրսևորել իրավաչափ վարքագիծ՛՛:

 

  • Կիսվել: