ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կոչ եմ անում բոլոր բարձրաստիճան անձանց՝ հրաժարական մի տվեք. Մարուքյան

Կոչ եմ անում բոլոր բարձրաստիճան անձանց՝ հրաժարական մի տվեք. Մարուքյան

՛՛Լուսավոր Հայաստան՛՛ կուսակցության քարոզարշավի բոլոր տեսակի տեխնոլոգիաները ամբողջությամբ տարբերվելու են նախկինում արվածից։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա նշեց, որ ՛՛Լուսավոր Հայաստան՛՛ կուսակցությունը պետք է այնպես վարվի, որ պետականության հենասյուներում խարխլում տեղի չունենա։ Մարուքյանի խոսքով՝ իրենց կուսակցությունը, որպես պետականամետ ուժ, կանգնած է պետականության հիմքերում և ամեն ինչ անելու է, որ մենք ընդդեմ թշնամու հանդես գանք ուժեղի դիրքերից. ՛՛Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր պետության ճակատը միասնական կարողանանք ներկայացնել՛՛։

Մարուքյանի խոսքով՝ հետպատերազմյան շրջանում, երբ դիվանագիտության մեծ կարիք կա, առանց արտգործնախարարի մնալը խայտառակություն է։ Ըստ նրա՝ դա նույնն է, ինչ պատերազմի ընթացքում պաշտպանության նախարար չունենալը:

ԼՀԿ ղեկավարն ասաց, որ  շատ անելիքներ ունենք արտաքին ճակատում։ ՛՛Մեծ ցավով պետք է ասեմ, որ այսօրվա սահմանադրական կարգավորումների արդյունքում չենք կարող նշանակել ԱԳ նախարար, որն այսպիսի պայմաններում հրաժարական է գրել, իսկ Հայաստանը չի ունենա ԱԳ նախարար մինչև ընտրությունների ավարտը, երբ ձևավորվի նոր ուժ: Սա մի խայտառակ իրավիճակ է, որում մենք հայտնվել ենք։ Մենք պատրաստ ենք աջակցել մեր պետական ինստիտուտներին մեր գիտելիքներով, կապերով, մասնագետներով՛՛,-վստահեցրեց նա։

Մարուքյանը նաև դիմեց բարձրաստիճան պաշտոնյաներին՝ նրանց հորդորելով հրաժարականներ չներկայացնել  այն պահին, երբ երկիրը ծանր վիճակում է։

՛՛Կոչ եմ անում բոլոր բարձրաստիճան անձանց, նրանք, ովքեր գիշեր-ցերեկ ծառայում են հանուն ՀՀ-ի՝ անկախ քաղաքական հայացքներից և մոտեցումներից, համբերեք 3 շաբաթ, հրաժարական մի տվեք։ Մեր արտաքին ճակատը պահեք, այլապես այս երեք շաբաթվա մեջ կարող ենք այնպիսի ծանր կորուստներ ունենալ, որ հունիսի 20-ից հետո ինչպիսի իշխանություն էլ ձևավորվի չի կարողանա այդ բացերը լրացնել և կորուստները լրացնել՛՛,-ասաց Մարուքյանը:

  • Կիսվել: