չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կոալիցիա կկազմենք այն ուժերի հետ, որոնք կընդունեն կարևոր պայմանը՝  Արցախը Հայաստան է և վերջ. Արայիկ Հարությունյան

Կոալիցիա կկազմենք այն ուժերի հետ, որոնք կընդունեն կարևոր պայմանը՝ Արցախը Հայաստան է և վերջ. Արայիկ Հարությունյան

Պատրաստ եմ քաղաքական բոլոր ուժերի հետ համագործակցել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը՝  պատասխանելով հարցին, թե Կառավարություն կազմելու համար արդյոք պատրա՞ստ է կոալիցիա կազմել մյուս թեկնածուների հետ։

«Առանձին անուններ չեմ հայտնի։ Ժամանակին հայտարարել եմ մենք կհամագործակցենք այն ուժերի հետ, որոնք կընդունեն մեր օրակարգը, որոնք կընդունեն Արցախի սոցիալ-տնտեսական, զարգացման, անվտանգության օրակարգը և մեր կողմից առաջադրված կարևորագույն թեզը՝ Արցախը Հայաստանն է և վերջ և որ Արցախի իշխանությունները պարտավոր են համագործակցել Հայաստանի իշխանությունների հետ: Միայն մի հարցում կարող է տարաձայնություն լինել՝ դա Ղարաբաղի հարցն է, և փառք Աստծո, որ այսօր որևէ տարաձայնություն չկա գոնե մեր քաղաքական ուժի և ՀՀ իշխանությունների դիրքորոշումներում։ Այն ուժերը, որոնք պատրաստ են համագործակցել այս ծրագրերի շրջանակներում, մենք պարտաստ ենք»,- նշեց Արայիկ Հարությունյանը։

Հարցին՝ արդյոք նախագահի թեկնածուներից Մասիս Մայիլյանին ինքը պաշտոնի առաջարկություն անելո՞ւ է կամ պատրաստվո՞ւմ է համագործակցել Սամվել Բաբայանի հետ,  Արայիկ Հարությունյանն ասաց.

«Ես դեռ ոչ մեկի հետ չեմ հանդիպել, չեմ զրուցել։ Մի բան կարող եմ հայտարարել՝ Արցախում ես հակառակորդ, թշնամի չունեմ։ Մասիս Մայիլյանի հետ ունեմ անցած ճանապարհ, հարևաններ ենք։ Սամվել Բաբայանը եղել է մեր հրամանատարը, երբ ես ծառայում էի. թեկնածուներից երկուսն էլ սանիկներս են։ Բոլորի հետ ընկերներ ենք։ Ես խնդրում եմ հայաստանյան լրատվամիջոցներին՝ մի փորձեք արհեստական սեպ խրել մեր մեջ»։

Նա նաև ասաց, որ որևէ մեկի հետ չի բացառում համագործակցությունը. «Բացի Ադրբեջանից, բոլորի հետ պատրաստ եմ համագործակցել»։

Միևնույն ժամանակ Հարությունյանը ընդգծեց, որ խոսքը գնում է համագործակցության, այլ ոչ թե պաշտոններ բաժանելու մասին: 

Նա նաև ասաց՝ շատ է ցավում, որ խորհրդարան չի անցել Հայկ Խանումյանը և նրա գլխավորած կուսակցությունը, չնայած նրանց կողմից կառավարության հասցեին հնչեցված քննադատությանը, միևնույն է կար կոնստրուկտիվ համագործակցություն: 

Ինչ վերաբերվում է նախագահի թեկնածու, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին, ապա, ըստ Հարությունյանի, ի հեճուկս նախընտրական շրջանում նրա հնչեցրած մեղադրանքներին, իրենք կարող են հանդիպել և զրուցել: «Այլ հարց է, որ նրա վերաբերմունքը ՀՀ իշխանությունների հանդեպ քիչ տեղ է թողնում համագործակցության, բայց կարելի է նաև այլ տարբերակներ գտնել, իսկ ով ասաց, որ ընդդիմության հետ չի կարելի կոնստրուկտիվ համագործակցել»,- հավելեց Հարությունյանը:       

Նա նաև հավաստեց, որ կադրային հարցերի շուրջ դեռ չի մտածել, և նույնիսկ չի որոշել, թե ով է լինելու ապագա պետնախարարը: «Մենք ունենք լավ կադրեր, իսկ ով ասեց, որ ես պետք է բոլորին փոխարինեմ: Երբ որ ժամանակը գա, ես կանդրադառնամ այդ հարցերին«,- եզրափակեց նա:  

 

  • Կիսվել: