երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Կլինեն նոր փողոցային ակցիաներ. Քաղաքացիներին կոչ եմ անում հավատալ եւ դուրս գալ փողոց. Արթուր Խաչատրյան

Կլինեն նոր փողոցային ակցիաներ. Քաղաքացիներին կոչ եմ անում հավատալ եւ դուրս գալ փողոց. Արթուր Խաչատրյան

Ադրբեջանի հերթական էքսպանսիոնիստական, գաղութատիրական դրսեւորումն է՝ Արցախը կլանել, Արցախը առանձնացնել Հայաստանից: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Նրանց այդ քայլը սպասելի էր, երբ իրենք սկսեցին խոսել Լաչինի միջանցքով զենքի տեղափոխման մասին, իբրեւ թե հայտնաբերվել են 2021 թվականի արտադրության ականներ: Պետք է սպասել, որ Ադրբեջանը պետք է գնար հերթական սրացման, մանավանդ հաշվի առնելով ՀՀ այսօրվա իշխանությունների, մեղմ ասած, կրավորական, իսկ իրականում ձեռքներն Արցախից լվանալու քաղաքականությունը»,-ասաց նա:

Հարցին՝ իսկ ընդդիմությունը մեղավոր չէ՞ այս իրավիճակի համար, որը խոստանում էր փրկել Արցախը եւ Հայաստանը, պատգամավորը պատասխանեց. «Կարծում եմ՝ Արցախը եւ Հայաստանը փրկելու պարտականությունը ՀՀ բոլոր քաղաքացիներինն է: Ես վստահեցնում եմ ձեզ, որ եթե քաղաքացիներն օգտագործեին իրենց բոլոր լծակները, եթե հավատային մեր այն հորդորին, որ գնում ենք էլ ավելի վատթար իրավիճակի եւ միանային, իրավիճակն ավելի լավ կլիներ: Բայց իրավիճակն անհույս չէ, դեռ կարելի է ամեն ինչ փրկել, դրա համար ես մտահոգ քաղաքացիներին կոչ եմ անում աջակցել ընդդիմադիր ուժերին, հավատալ եւ դուրս գալ փողոց»: Նա նաեւ հավաստիացրեց, որ կլինեն նոր փողոցային ակցիաներ:

  • Կիսվել: