հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կլինեմ վարչապետի թեկնածու․ Մարության

Կլինեմ վարչապետի թեկնածու․ Մարության

«Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կառաջադրվի որպես վարչապետի թեկնածու։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ Մարությանը։

«Բազմիցս ասել եմ, առաջին անգամ չէ, մեր աջակիցները բազմաթիվ խնդրանքներ եւ պահանջներ ունեն, որ ստեղծենք կուսակցություն, մենք արդեն այս պրոցեսի մեջ ենք, շուտով կհայտարարենք, ունենք կուսակցություն եւ բնականաբար մեր կուսակցությունը՝ կապ չունի նորաստեղծ թե արդեն գործող, անպայման պետք է մասնակցի Հայաստանի հանրապետության բոլոր կարեւորագույն քաղաքական պրոցեսներին:

Անպայման պատրաստվելու ենք 2026 թվականի ընտրություններին, եթե չլինի արտահերթ, որովհետեւ դրա մասին անընդհատ խոսակցություններ են գնում: Քանի, որ ես մեր կուսակցության ղեկավարն եմ , այո, ես առաջադրվելում եմ, որպես թեկնածու»,- ասաց նա:

Անդրադառնալով իրեն մանդատից զրկելու որոշմանը՝ Մարությանն ասաց․

««Քաղաքացիական պայմանագիրը» այնպիսի արհավիրքներ է բերել հայ ժողովրդի գլխին, որ նրանից ամեն ինչ սպասելի է։ Սա երեւի ամենափոքր միջադեպերից մեկն է։ Այնպես որ իրենց կողմից ամեն ինչ սպասելի է։ Իշխանությունն այստեղ գալիս եւ ուղղակի դակում է վերեւից իջեցրած հրամանները, ոչ մի բան չեն անում, վստահ եմ՝ իրենցից շատերը գաղափար էլ չունեն, թե ինչի համար են քվեարկում, ինչ հետեւանքներ դա պետք է ունենա, ինքներս կարող ենք տեսնել՝ 160 հազար դրամ կարմիր գծերը թանկացնելուց հետո բացարձակ ոչ մի ձեւ տրանսպորտը չբեռնաթափվեց։ Ես չեմ ճանաչում ոչ մեկին, որ այս որոշումից հետո իր մեքենան թողել է  տանը եւ տրանսպորտից է օգտվում՝ բեռնաթափելով երթեւեկությունը։ Մենք ասում էինք՝ ձեր նպատակը ո՞րն է, բեռնաթափեի՞ք, չի լինելու, որովհետեւ մարդը երբ իր ավտոմեքենան թողնում է տանը, պետք է տրանսպորտ ունենա, որ կարողանա օգտվել, որ գնա աշխատանքի, եւ այնտեղից հասնի տուն, չեք ապահովել այդ տրանսպորտը, ինչո՞ւ եք թանկացնում։ Կոնկրետ թալան է, որովհետեւ սա չի վերաբերում հարուստներին, որովհետեւ նրանց համար 160, թե 500 հազար լինի, մեկ է՝ կտան հանգիստ իրենց համար կգնան ու կգան, սա ազդել է իրապես եւ միջին դասի, եւ սոցիալական խնդիր ունեցող մարդկանց վրա․ այն մարդկանց վրա, որոնք կոպեկ առ կոպեկ հաշվում են իրենց գումարները, որ գոնե երեխային 6 ամիսը մեկ կոշիկ առնեն»։

Հայկ Մարությանն իր խոսքում հիշեցրեց, որ իր՝ քաղաքապետ եղած ժամանակ իշխանությունը նույնպես բոյկոտ արել է․ «Երբ ես իրենց հետ էի, իշխանությունը բոյկոտ էր արել տրանսպորտ բերելու դեմ, այո, նրանք մայրաքաղաքի ամենակարեւոր խնդիրը լուծելուց ՔՊ-ն բոյկոտել էր արել եւ չէր եկել, քվորում չէր ապահովել, որպեսզի ավտոբուսները կարողանանք բերել, բախտի բերմամբ ԲՀԿ-ն եկել էր, քվորումը պատահական ապահովեց, եւ քաղաքային իշխանությունը կարողացանք բերել այն ավտոբուսները, որոնք այսօր մարդկանց տեղափոխում են տուն եւ աշխատանքի»։

Նշենք, որ այսօր Երևանի ավագանու արտահերթ նիսին Հայկ Մարությանին զրկեցին Երևանի ավագանու մանդատից:

  • Կիսվել: