կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԿԿՀ-ն՝ Արսեն Թորոսյանի գործողություններում շահերի բախման իրավիճակի բացակայության մասին

ԿԿՀ-ն՝ Արսեն Թորոսյանի գործողություններում շահերի բախման իրավիճակի բացակայության մասին

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շահերի բախում չի տեսել «Հետք» էլեկտրոնային կայքի այն հրապարակման մեջ, որում փաստվում էր, որ առողջապահության նախարարությունը նախարարի հրամանով պայմանագրեր է կնքել «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնի հետ: Կենտրոնի տնօրենը նախարարի կինն է՝ Վարդուհի Թևանյանը։

Հանձնաժողովի համապատասխան եզրակացությունում նշվում է, որ վարույթ հարուցվել է «Հետք» էլեկտրոնային կայքի դիմումի հիման վրա։ Կատարված ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ վերջին տարիներին նախարարությունը մի քանի ծառայությունների մատուցման ու գնման պայմանագրեր է կնքել «ՄԻԲՍ»-ի հետ, որի սեփականատերերը, ըստ հանձնաժողովի, ՌԴ քաղաքացիներ Ա. Ստոլպները, Վ. Եկիմովն ու Ն. Բերեզինան են։ Սեփականատերերի այս կազմը ընկերության հիմնադրումից ի վեր չի փոխվել։ «ՄԻԲՍ»-ի հետ պայմանագրեր կնքվել են «Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» ենթամիջոցառման շրջանակում, ու էլեկտրոնային առողջապահության միացման վճարների համար այլ հիվանդանոցների նման, «ՄԻԲՍ»-ը ևս փոխհատուցման գումարներ է ստացել։ «Արսեն Թորոսյանի արձակած հրամանների արդյունքում նույն չափանիշներով ու պահանջներով գույքային գործարքներ են կնքվել նաև այլ բժշկական հաստատությունների հետ, հետևաբար այդ հրամաններն անդրադարձել են անձանց լայն շրջանակի վրա, ինչը շահերի բախումը բացառող հանգամանք է»,- ասված է հանձնաժողովի եզրակացությունում։ Ըստ փաստաթղթի՝ 2019-2020 թվականներին նախարարության կողմից ձեռք բերվող համակարգչային տոմոգրաֆիա և միջուկամագնիսային-ռեզոնանսային ծառայությունների պայմանագրերի արժեքն աճել է նույն ծառայությունների գծով այլ կազմակերպությունների պայմանագրային աճի համամասնությամբ, և Թորոսյանի հետ շահերի բախման դեպքը բացակայում է։

Հանձնաժողովի եզրակացությունը ամբողջությամբ՝ այստեղ

 

  • Կիսվել: