ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Խստորեն դատապարտում ենք մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու Թուրքիայի փորձերը․ Հունաստանում ՀՀ դեսպան

Խստորեն դատապարտում ենք մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու Թուրքիայի փորձերը․ Հունաստանում ՀՀ դեսպան

Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի մեկնաբանությունն է տարածել հայ- ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ։ 

«Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի Մովսես բնակավայրի ուղղությամբ հուլիսի 12-ից սկսված ռազմական էսկալացիան պայմանավորված էր Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներով: Այն առաջին հրադադարի լայնածավալ խախտումն է, որ արձանագրվել է ոչ թե շփման գծում, այլ Հայաստան-Ադրբեջան սահմանի վրա, ուստի իրավիճակի լարման ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Ադրբեջանական կողմը հրետակոծել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական դիրքը:

Երեկոյան ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են ամբողջ գիշերվա ընթացքում:
Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվել են հայկական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից և չեզոքացվել:

Հուլիսի 13-ի առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ` օգտագործելով 120 մմ ականանետեր և 152 մմ հրետանի, հարվածային անօդաչու սարքեր և այլ սպառազինություն։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։
Հայկական զինված ուժերը ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։ Թիրախավորվում են միայն ադրբեջանական զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները, մինչ դեռ ադրբեջանական կողմը թիրախավորել էր Բերդ, Մովսես և Չինարի բնակավայրերի քաղաքացիական ենթակառուցվածքները:

Վերջին տարիներին Ադրբեջանը հետևողականորեն վարել է հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում իրադրությունը լարված պահելուն միտված քաղաքականություն՝ հետզհետե ընդլայնելով նաև այդ լարվածության աշխարհագրական սահմանները, որը ներառում է նաև հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածը։ Բացի այդ Ադրբեջանի նախագահի կողմից պարբերաբար արտաբերվող Երևանը, Զանգեզուրը և Սևանը «մեր պատմական տարածքներն են, և ադրբեջանցիներին պետք է վերադարձնենք այդ հողեր»,«Դա մեր ռազմավարական նպատակն է, որին մենք պետք է աստիճանաբար մոտենանք այդ նպատակին» և նմանատիպ այլ անհեթեթ արտահայտություններն ու ռազմատենչ հռետորաբանությունը հող էին նախապատրաստում նոր ագրեսիաների համար, ինչը և ադրբեջանական տարբեր քաղաքական շրջանակների կողմից իրենց հասարակությանը ներկայացվում է որպես մեծ ձեռք բերում, որն իհարկե իրականությանը չի համապատասխանում:

Ադրբեջանի սադրիչ գործողություններն ուղղակիորեն հակասում են կորոնավիրուսի համավարակի պայմաններում գլոբալ հրադադար հայտարարելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին և ի ցույց են դնում Ադրբեջանի ռազմատենչ և ապակառուցողական գործելաոճը՝ վտանգելով ողջ տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը:

Զավեշտալի և խիստ մտահոգիչ է այս իրավիճակում Թուրքիայի դրսևորած ծայրաստիճան կողմնակալ դիրքորոշումը, ինչը հստակ արտահայտված էր, միջադեպից ժամեր անց ԹՀ ԱԳՆ կողմից հրապարակած հայտարարության մեջ, որում Թուրքիան իր անվերապահ աջակցությունն է հայտնում Ադրբեջանին և հանդես է գալիս Հայաստանի դեմ անհիմն և կեղծ մեղադրանքներով: Այս իրողությունը գալիս է փաստելու, որ Թուրքիան որևէ դերակատարում չի կարող ունենալ ղարաբաղյան հիմնահարցին առնչվող որևէ միջազգային նախ և առաջ ԵԱՀԿ հարթակում։

Հայկական կողմը ռազմական միջադեպի սկզբից ի վեր մշտական կապի մեջ է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների բարձր ներկայացուցիչների, ԵԱՀԿ գործող նախագահ անձնական ներկայացուցչի հետ: Հայկական կողմը հանդես է գալիս ռազմական գործողությունների անվերապահ և անհապաղ դադարեցման կոչով:

Ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությունները խստագույնս դատապարտելի են, իսկ Թուրքիայի ձգտումը՝ միջամտելու իր հարևան տարածաշրջաններում առկա հակամարտություններին, արդեն իսկ հանգեցրել են այդ տարածաշրջաններում անվտանգության խաթարմանը և անկայունության տարածմանը:

Խստորեն դատապարտում ենք մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու Թուրքիայի փորձերը և հաստատում, որ ՀՀ-ն շարունակելու է հետևողականորեն հանդես գալ միջազգային և տարածաշրջանային անվտանգության պահպանման և ամրապնդման դիրքերից՝ այդ ուղղությամբ սերտորեն համագործակցելով իր միջազգային գործընկերների հետ»։

  • Կիսվել: