շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
«Խոյ և Վաղարշապատ համայնքների միավորման քննարկում կա». Դավիթ Խուդաթյան

«Խոյ և Վաղարշապատ համայնքների միավորման քննարկում կա». Դավիթ Խուդաթյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց, որ մոտ 10 օր է` քննարկվում է Խոյ և Վաղարշապատ համայնքների միավորման հարցը: Ընթացակարգերով պայմանավորված` հնարավոր է գործընթացն ավարտել մինչև 2025թ. վերջ: Նախարարի փոխանցմամբ՝ պատճառը քաղաքական չէ, և չի բացառվում, որ առաջիկայում այլ համայնքներ ևս վերամիավորվեն:

«Պատճառն այն է, որ Վաղարշապատ համայնքը բավարար չափով չի խոշորացվել: Բացի Վաղարշապատից, մենք այնպիսի խոշորացված համայնք չունենք, որին ընդամենը մեկ գյուղական բնակավայր է միացել: Հիմա գնում ենք արդյունավետ կառավարման ճանապարհով, այսինքն՝ խոշորացնում ենք համայնքը, ինչպես այլ համայնքներում է եղել»,-ասում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարը:

Վաղարշապատը խոշորացվել է 2021թ-ին, այսինքն` ոչ վաղ անցյալում, Էջմիածին քաղաքին միացել է Ոսկեհատ գյուղը, Դավիթ Խուդաթյանից հետաքրքրվեցինք` արդյոք հնարավոր չէր այդ ժամանակ նշվածը հաշվի առնել:

«Մեծ հաշվով Վաղարշապատը չի խոշորացվել, մի գյուղ է միացել: Հիմա խոշորացված համայնք անվանը բովանդակություն ենք ուզում տալ: Սա շարունակական պրոցես է, չեմ բացառում, որ առաջիկայում ավելի մեծ միավորներ ստեղծվեն: Վաղարշապատում ընդամենը գործընթացը մի փոքր առաջ ընկավ՝ պայմանավորված համայնքի ղեկավարի հրաժարականով: Սա նախատեսում էինք իրականացնել 2026թ-ին՝ ՏԻՄ ընտրություններին զուգահեռ»,-ասում է նախարարը` հավելելով, որ 2016-2017թթ. ևս վերամիավորումներ եղել են, և Վաղարշապատն այդ գործընթացի շարունակությունն է:

Հիշեցնենք, որ 2025թ. մայիսի 15-ին Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ վայր է դնելու քաղաքապետի մանդատը։ 

«Սիրելի՛ համաքաղաքացիներ, հայտնում եմ ձեզ, որ դժվար որոշում եմ կայացրել կյանքիս այս փուլում ինձ նվիրել ընտանեկան հանգիստ կյանքին, երեխայիս դաստիարակությանը, ընտանիքիս ընդլայնմանը, հետևաբար առաջիկայում վայր եմ դնելու մանդատս որպես Վաղարշապատ համայնքի ավագանու անդամ ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը»,-հայտարարել էր Դիանա Գասպարյանը: Նրա լիազորություններն արդեն դադարեցվել են: 

Դավիթ Խուդաթյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք համայնքների վերամիավորումները չունեն քաղաքական ենթատեքստ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2026թ. խորհրդարանական ընտրություններից առաջ իշխող քաղաքական ուժը ցանկանում է ավելի վերահսկելի ու կառավարելի դարձնել դրանք:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը նշեց` երբևէ նման նպատակ չեն ունեցել, և այստեղ խոսքը մեկ համայնքի մասին չէ:

«Խոշոր միավորներն ավելի արդյունավետ է կառավարել՝ համայնքի տեսանկյունից, այլ ոչ թե քաղաքական: Մեր դոտացիայի բանաձևերն էլ այնպիսին են, որ հիմնականում բազմաբնակավայր համայնքներին ավելի շատ արտոնություն են տալիս: Այսինքն՝ ինչքան շատ բնակավայր կա համայնքի կազմում, այնքան պետության օգնությունը ավելի մեծ է: Փոքր միավորումներով համայքները տուժում են»,-հավելեց Դ. Խուդաթյանը:

Նախարարը նշեց, որ Վաղարշապատն ամենացածր դոտացիա ստացող համայնքներից է: Համեմատելով Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի հետ` Դ. Խուդաթյանն ասաց, որ Վաղարշապատը 4 անգամ պակաս դոտացիա է ստացել:

«Ափսոս է շարունակել նման կառավարումը, անկեղծ եմ ասում»,-ասում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը:

Նշենք, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի հրաժարականից հետո քննարկվում է այն հարցը, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համայնքի ղեկավարի հարմար թեկնածու չունի Վաղարշապատում: Խոյ համայնքը Վաղարշապատին միացնելով` փորձ է արվում Վաղարշապատ համայնքի ղեկավար դարձնել այժմ Արմավիրի մարզպետ, մինչ այդ՝ Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանին:

«Իմ ունեցած հավաստի լուրերի համաձայն` որոշել են Խոյ համայնքն իր 17 գյուղերով միացնել Վաղարշապատ համայնքին և արդեն նոր, խոշորացված համայնքը տանել ընտրության: Հատկանշական է, որ Խոյ համայնքի նախկին ղեկավարը այժմ Արմավիրի մարզպետն է: Կարծես Վաղարշապատում հարմար թեկնածու չունենալու բացը լրացնելու են համայնքի խոշորացմամբ Խոյ համայնքից թենածուի առաջադրմամբ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Վաղարշապատ համայնքի ընդդիմադիր ավագանու անդամ Սևակ Խաչատրյանը:

  • Կիսվել: