Այսօր Վաղարշապատում կատարվողի մասին. Սաղաթելյան (տեսանյութ)
Այսօր առավոտից հերթական անգամ սկսվել է «Հայկական ժամանակ» և Քննչական կոմիտե օպերացիան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ այսօր առավոտից Վաղարշապատում ձերբակալվում են «Հաղթանակ» դաշինքի անդամներն ու աջակիցները, նրանց մեղադրում են ընտրությունների ժամանակ իրենց դիրքն օգտագործելու, մարդկանց ուղղորդելու համար։
«Առավոտյան Քննչական կոմիտեն սկսում է ձերբակալությունները, որից հետո «Հայկական ժամանակ»-ը հրապարակում է հերթական «ցնցող» ձայնագրությունը՝ փորձելով հիմնավորել կամ արդարացնել իրենց ապօրինությունը»,-ասել է Սաղաթելյանը՝ նշելով, որ ձեռագիրը նույնն է, ոչինչ չի փոխվել։
Սաղաթելյանը չի անդրադառնում ձայնագրությունների իրական կամ մոնտաժված լինելուն, ընդգծում է, որ եթե նույնիսկ դրանք իրական են, ապա հանցակազմ չեն պարունակում։
«Այն իշխանությունը, որ Վաղարշապատի ընտրություններում օգտագործել էր ողջ պետական, վարչական ռեսուրսը, մարզպետարան, քաղաքապետարան, դպրոց, մանկապարտեզ, մարդկանց ճնշելով, ահաբեկելով տարել է տեղամաս, աշխատանքից ազատելով, կաշառելով փորձել է վերարտադրվել, մեղադրումէ դիրք, պաշտոն չունեցող մարդկանց քաղաքացիներին ուղղորդելու մեջ, և այս հիմքով ձերբակալում։ Նպատակը շատ պարզ է, ընդդիմադիրներին մեկուսացնել ընտրություններին ընդառաջ։ Այս տրամաբանությամբ անիմաստ է, որ որևէ ընդդիմադիր ուժ բացի նախընտրական շտաբ ու աշխատի քաղաքացիների հետ, քանի որ դրանց հիմնական գործառույթը մարդկանց հանդիպելն է, խնդրելը, ուղղորդելը, որոնք Նիկոլի ռեժիմի պայմաններում քրեորեն հետապնդելի արարքներ են։ Այս տրամաբանությամբ եթե ամուսինն իր կնոջը հորդորի կամ խնդրի, որ քվեարկի որևէ քաղաքական ուժի, նրան ևս կարող են ձերբակալել»,-նշել է նա:


