ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Խոսքն ամենևին էլ կոալիցիոն կառավարության ձևավորման մասին չէ․ Վահրամ Աթանեսյանը՝ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին

Խոսքն ամենևին էլ կոալիցիոն կառավարության ձևավորման մասին չէ․ Վահրամ Աթանեսյանը՝ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին

Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությանը։

Հիշեցնենք՝ Հարությունյանը հայտարարել էր, որ Արցախի Հանրապետությունում առաջիկայում կիրականացնեն կադրային փոփոխություններ:

ԱՀ նախագահը նշել է, որ կհրավիրվեն մասնագետներ, որոնք իշխանության ներկայացուցիչներ չեն, սակայն ունեն մասնագիտական լուրջ որակավորում և կկարողանան առկա բացերը լրացնել: 

Աթանեսյանը, մասնավորապես, նշել է․

«Սա ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի՝ հունվարի 18-ին իր իսկ հրավիրած խորհրդակցությանը իր ելույթի այն հատվածն է, որ ինքն էլ հրապարակայնացրել է։

Այստեղ ԱՀ նախագահը խոսում է վերահսկողական ծառայությունների բարելավման, դրանցում ոչ իշխանական թեւի պրոֆեսիոնալների ներգրավման եւ հնարավոր կառուցվածքային եւ կադրային փոփոխությունների մասին՝ ընդգծելով, որ խոսքն ամենեւին էլ կոալիցիոն կառավարության ձեւավորման մասին չէ։ Տեսագրությունը կարճ է, խնդրում եմ մի քանի րոպե տրամադրել եւ դիտել։ Երեւանյան մաս-մեդիայի որոշակի ներկայացուցիչներ, մինչդեռ, արդեն իսկ գեներացնում են, թե ԱՀ նախագահը կառավարման համակարգին ,,կներգրավի նաեւ ընդդիմության ներկայացուցիչներին եւ նախկին նախագահներին,,։

-Եթե դասական չափանիշներով գնահատենք՝ ընդդիմությունն ի սկզբանե՝ 2020թ․ ընտրություններից հետո, Արցախում իշխանության մաս է։ Արայիկ Հարությունյանի հիմնական մրցակից Մասիս Մայիլյանը 2020թ․ նախագահական ընտրություններից հետո պահպանել է ԱԳ նախարարի պաշտոնը, իսկ Սամվել Բաբայանը՝ նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար։ Քառասունչորսօրյա պատերազմից հետո Մասիս Մայիլյանին փոխարինել է նախագահական ընտրություններում Արայիկ Հարությունյանի մյուս մրցակիցը՝ Դավիթ Բաբայանը, իսկ ԱԽ քարտուղար է նշանակվել Վիտալի Բալասանյանը, ով նույնպես նախագահի պաշտոնի հավակնորդ էր։

Նախկին ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը ներկայումս ԱՀ նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ է, նույն կարգավիճակն ունի նաեւ ԱՀ նախագահի եւս մեկ թեկնածու՝ Վահան Բադասյանը, ՀՅԴ Արցախի կառույցի ԿԿ անդամ Արմեն Սարգսյանը նախագահի խորհրդական է, նախագահի եւս մեկ թեկնածու՝ Մելիսիկ Պողոսյանը նախագահի օգնական է, իսկ 2015-20թվականների ամենաարմատական ընդդիմադիր Հայ Խանումյանը՝ տարածքային կառավարման նախարար։

Իշխանական ,, քաղցրախմորի միքսը,, վերեւից ներքեւ հաշվարկված, հավասրակշռված է։ Եւ անհասկանալի է, թե էլ ի՞նչ ,,ընդդիմություն,, պիտի իր ,,վաստակած բաժինն,, ստանա։ Դե իսկ նախկին նախագահներին ,,ծառայության կոչելու,, մասին խոսակցությունները բացարձակ նոնսենս են․ նախկին նախագահը հո չի՞ գա գործողի խորհրդական կամ նրա կաբինետում նախարար աշխատելու։

Այ, թե ինչու՞ են նման դիսկուրս ,,դետոնացնում,, ՝ վտանգավորը դա է»։

 

  • Կիսվել: