հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Խոշոր ավտովթար Երևանում. Սարի թաղի «կալցևոյում». բախվել են Opel-ն ու ЗИЛ-ը, ЗИЛ-ն էլ փլուզել է քարե պարիսպը. կա վիրավոր

Խոշոր ավտովթար Երևանում. Սարի թաղի «կալցևոյում». բախվել են Opel-ն ու ЗИЛ-ը, ЗИЛ-ն էլ փլուզել է քարե պարիսպը. կա վիրավոր

Այսօր` մայիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում՝ ժողովրդին հայտնի «Սարի թաղի կալցևոյում», բախվել են Opel մակնիշի 36 AF 066 համարանիշի և ԶԻԼ մակնիշի 34 CO 933 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ավագ տեսուչ Գագիկ Սարգսյանն ու տեսուչ Էդուարդ Շահսուվարյանը։

Ֆոտոլրագրողը հայտնում է՝ բախման արդյունքում ЗИЛ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, փլուզել շինության պարիսպը և մասամբ հայտնվել բնակչի տան տարածքում։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Գ. Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: