երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Խորքային ռազմավարական առումով անվտանգությունը կարող է ապահովել խաղաղությունը. Փաշինյան

Խորքային ռազմավարական առումով անվտանգությունը կարող է ապահովել խաղաղությունը. Փաշինյան

Միջազգային իրադրությունը ռազմավարական ուղիղ ազդեցություն ունի մեր տարածաշրջանում ռազմավարական իրադրության գնահատականի վրա։ Մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները նաև որոշակի  ազդեցություն են ունեցել  միջազգային իրադրության հետագա զարգացման վրա: ԱԺ- կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՔՊ պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցին, թե ինչպե՞ս է վարչապետը գնահատում մեր տարածաշրջանում և ՀՀ-ի շուրջ ռազմավարական իրավիճակը, այսպես պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։

«Մեր տարածաշրջանում  անվտանգության և կայունության համակարգերը դեֆորմացվել են, ինչը նշանակում է, որ մենք առերեսվում ենք լրացուցիչ  անվտանգային մարտահրավերների։ Այսինքն՝ այն համակարգը, որն ի սկզբանե պետք է ապահովեր անվտանգությունը և կայունությունը մեր տարածաշրջանում, ակնհայտորեն չի գործում բավարար արդյունավետությամբ։ Մեր ռազմավարական խնդիրն է այդ դեֆորմացիայի արդյունքում  առաջացած մարտահրավերները կառավարել կամ դեֆորմացիայի բերած անհարթությունները հարթել։ Բայց ի՞նչ մեթոդներով և ի՞նչ ձևերով է դա հնարավոր անել․ կարող է լինել վարկած, որ պետք է նոր կոմպոնենտներ ավելացնել այդ անվտանգային ընդհանուր ճարտարապետությանը, բայց փաստ չէ, որ դրանով ինքնին ռազմավարական անվտանգությունը կապահովվի, որովհետև նոր կոմպոնենտները կարող են որոշ գոյություն ունեցող ռիսկեր կառավարել, բայց կարող են նոր ռիսկեր առաջացնել»,- ասաց վարչապետը։ 

«Ռազմավարական առումով, եթե հարց տանք, թե ի՞նչը կա ո՞վ կարող է ապահովել ՀՀ  անվտանգությունը, պատասխանը միանշանակ է՝ համապարփակ խաղաղությունը։ Խորքային ռազմավարական առումով անվտանգությունը կարող է ապահովել խաղաղությունը։

Արդյո՞ք իրատեսական է խաղաղությունը կամ հնարավո՞ր է։ Այո՛, իհարկե, հնարավոր է, բայց նաև պիտի  ավելի դետալացված արձանագրել, թե  ինչպե՞ս է հնարավոր արձանագրել խաղաղությունը։ Այստեղ կա երկու կոմպոնենտ, առաջինը՝ քաղաքական կամք խաղաղություն հաստատելու, և խաղաղության հասնելու պարամետրերի մանրամասներ։ Ակնհայտ է, որ մենք խաղաղության հասնելու քաղաքական կամք ունենք, խնդիրը հետևյալն է, թե ինչքանով մեզ կհաջողվի  բանակցային գործընթացի արդյունքում  ձևավորել խաղաղության այնպիսի  պարամետրեր, որոնք  կարող են ընդունելի լինել  ՀՀ-ի կամ ՀՀ ժողովրդի համար։

Կա տարբերակ, որ այո՛, խաղաղությունն իրատեսորեն հնարավոր լինի այն պարամետրերով, որոնց սկզբուքներն ընդունելի են ՀՀ-ի և ՀՀ ժողովրդի համար, կարող են լինել պարամետերեր, որ խաղաղությունն իրատեսորեն  հնարավոր է  այն պարամետրերով, որոնց սկզբուքներն ընդունելի չեն  ՀՀ-ի և ՀՀ ժողովրդի համար։ Մեր խնդիրն է կարողանալ իրատեսությունը, ընդունելիությունը և էմոցիոնալ ֆոնը հնարավորին բալանսավորել և մոտեցնել իրար, ինչքանով հնարավոր կլինի՝ չեմ կարող ասել, բայց որ ամեն ինչ կանենք, որ դա տեղի ունենա, դա կարող եմ միանշանակ ասել»,- նշեց Փաշինյանը։ 

  • Կիսվել: