Խորհրդարանն ընդունեց ապօրինի գույքի բռնագանձման մասին օրինագիծը
Այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծերի փաթեթը, հիշեցնենք, թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով:
Քվեարկությունից առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը տեղեկացրեց, որ խմբակցությունն այս անգամ ձեռնպահ կքվեարկի, հանդես կգան առաջարկություններով: Երկրորդ ընթերցման ընթացքում արդեն կկարողանան դիրքորոշում հայտնել:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ կողմ կքվեարկեն, սակայն որոշակի առաջարկություն ունեն, որը կներկայացնեն առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում: Արդյունքում նախագծերի փաթեթը քվեարկությամբ ստացավ 92 կողմ, 2 դեմ և 18 ձեռնպահ ձայներ: «Կողմ» ձայներին գումարվեցին նաև գործուղման մեջ գտնվող 8 պատգամավորների ծրարով թողնված ձայները:
Երեկ Ազգային ժողովին օրինագիծը ներկայացնելիս արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել էր, որ նախատեսված իրավական մեխանիզմը թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը, նախագծով նախատեսված էական ծավալներով, չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: Այդպիսի գույքի առնչությամբ գործում է ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, որը կարող է հերքվել պատասխանողի կողմից գույքի ձեռքբերումը հիմնավորվող ապացույցների ներկայացմամբ:
Նախատեսվում են իրավասու մարմնի գործունեության և քաղաքացիական դատավարության ընթացակարգային նոր կանոններ, որոնք թույլ կտան իրականացնել ակտիվների ուսումնասիրություն և հօգուտ պետության բռնագանձել օրենքի իմաստով չհիմնավորվող հարստությունը: Իրավասու մարմինը կգործի Գլխավոր դատախազության կազմում: Իսկ իրականացված գործառույթները կհանդիսանան պետական շահերի պաշտպանության հայցի ներկայացման դրսևորում:


