հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Խնդիր ենք դրել տարվա ընթացքում 7 տոկոս տնտեսական աճ ապահովել. Նիկոլ Փաշինյան

Խնդիր ենք դրել տարվա ընթացքում 7 տոկոս տնտեսական աճ ապահովել. Նիկոլ Փաշինյան

 2022 թվականի ապրիլին Հայաստանում  գրանցված և աշխատավարձով վճարվող աշխատատեղերի նոր բացարձակ ռեկորդ է սահմանվել:  Ապրիլ ամսվա տվյալներով՝ Հանրապետությունում առկա է 664 հազար 736 աշխատատեղ, որը նախորդ ռեկորդի՝ 2021 թվականի դեկտեմբերի ցուցանիշի նկատմամբ ավել է 5265-ով, 2021 ապրիլի նկատմամբ 28 հազար 32-ով, իսկ 2018 թվականի ապրիլի նկատմամբ ՝ 123 հազար 310-ով: Կառավարության նիստում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վիճակագրության կոմիտեի հրապարակած տնտեսական ցուցանիշներին:

Նա նշեց, որ  առաջին եռամսյակի  8.6 տոկոս տնտեսական աճը շատ լավ ցուցանիշ է:
Աշխատավարձերի աճի ցուցանիշներին  անդրադառնալով՝ վարչապետը նշեց, որ նախորդ տարվա ապրիլի  նկատմամբ միջին աշխատավարձի աճը կազմել է 21 հազար դրամ, իսկ 2018 թվականի  ապրիլի նկատմամբ միջին աշխատավարձի աճը կազմել է 60 հազար դրամ:

«Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ ունենք 8.8 տոկոս տնտեսական ակտիվության աճ, իսկ չորս ամսվա տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը 9.4 տոկոս է: Ապրիլին նախորդ տարվա ապրիլի նկատմամբ մենք ունենք շինարարության ծավալների 15.6 տոկոս աճ, առաջին չորս ամիսներին նախորդ տարվա նկատմամբ 9 տոկոս աճ»,-ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մայիսի առաջին 22 օրերը ներառյալ նախորդ տարվա համեմատ  ունենք 574 միլիարդ 697 միլիոն դրամի  լրացուցիչ առևտրաշրջանառություն, ինչը կազմում է  ավելի քան 1 միլիարդ 200 միլիոն դոլար:

«Մեր առևտրային շրջանառությունը այդքանով աճել է, իսկ ՀԴՄ-ներով և հաշվարկային փաստաթղթերով այս տարվա մինչև մայիսի 20-ը նախորդ տարվա նկատմամբ 15 միլիոն հատով ավել գործարք ենք ունեցել, ինչը շատ կարևոր է: Կարևոր է նաև արտահանման աճը՝ ապրիլին  նախորդ տարվա ապրիլի նկատմամբ 19.87 տոկոս, իսկ չորս ամիսը չորս ամսվա նկատմամբ ՝ 25.2 տոկոս արտահանման աճ ենք ունեցել»,-նշեց նա:

Անդրադառնալով ծախսային մասին՝ Փաշինյանն ասաց, որ առաջին եռամսյակում 28 միլիարդ  դրամով պակաս ծախս են կատարել: «Պահանջում եմ բոլոր գերատեսչություններին ուշադիր հետևել բյուջեին՝ որպես իրենց ամենօրյա աշխատանքային փաստաթուղթ:  Հանրային նպատակի համար նախատեսված գումարը չծախսելը ևս վատնելու ձև է: Մեր ամեն չիրականացված ծրագիր ազդում է տնտեսական ցուցանիշների վրա»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: