չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
«Խաղաղության խաչմերուկը» պիտի դառնա մեր երկրների ռազմավարական գործընկերության ապագա թեմաներից մեկը. Փաշինյանը՝ Վրաստանի վարչապետին

«Խաղաղության խաչմերուկը» պիտի դառնա մեր երկրների ռազմավարական գործընկերության ապագա թեմաներից մեկը. Փաշինյանը՝ Վրաստանի վարչապետին

Հանդիպման ընթացքում գործընկերոջս եմ ներկայացրել տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ մեր ընկալումները ու ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման զարգացումները և ընթացիկ վիճակը: Այս մասին այսօր Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Վերահաստատել եմ, որ Հայաստանը ստանձնում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու գործի՝ իր բաժին պատասխանատվությունը: Ակնկալում ենք, որ նույնպիսի մոտեցում կցուցաբերեն նաև մյուս դերակատարները:

Ընդգծել եմ, որ Հայաստանը պատրաստ է առաջ շարժվել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բարձրագույն մակարդակում համաձայնեցված երեք սկզբունքների հիման վրա»:

Խոսելով տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին՝ վարչապետը նշեց. «Կարծում ենք, որ ՀՀ Կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը պիտի դառնա մեր երկրների ռազմավարական գործընկերության ապագա թեմաներից մեկը:

Մենք գիտենք և տեսնում ենք, որ Վրաստանը ոչ միայն հետաքրքրված է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմամբ, այլև գործուն քայլերով փորձում է նպաստել այդ գործընթացին, ինչի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի մեր գործընկերներին»:

Եզրափակելով՝ ՀՀ վարչապետն ասաց, որ Վրաստանի և Հայաստանի հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում, և որ ՀՀ Կառավարությունը շարունակելու է ջանքեր գործադրել ձեռք բերածով չբավարարվելու և երկու երկրների հարաբերություններում «նոր հորիզոններ» բացելու համար:

  • Կիսվել: