ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
«Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացումը կարող է արմատապես փոխել իրավիճակը ողջ տարածաշրջանում. ԵԱՏՀ հայ նախարար

«Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացումը կարող է արմատապես փոխել իրավիճակը ողջ տարածաշրջանում. ԵԱՏՀ հայ նախարար

Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ անդամ պետություն, ունի մեծ ներուժ և ակտիվորեն մասնակցում է ինտեգրացիոն գործընթացներին։ 

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Գոհար Բարսեղյանը և ընդգծել, որ այս համատեքստում հատկապես շատ կարևոր է Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի իրականացումը կարող է արմատապես փոխել իրավիճակը ողջ տարածաշրջանում։

«Տարեսկզբին մենք դիմում ենք ստացել Բարձրագույն խորհրդի նախագահից՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, երկրի համար կարևորագույն ուղղությունների վրա հատուկ շեշտադրմամբ։ Առաջին հերթին ուզում եմ շեշտել տնտեսական համագործակցության կարևոր տարրը՝ Հայաստանի համար տրանսպորտային-լոգիստիկ ոլորտը։ Այս առնչությամբ, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակում, չափազանց կարևոր է ուշադրություն դարձնել տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացմանը և տարանցման ներուժի զարգացմանը կամ տարածաշրջանային ու համաշխարհային միտումներին արդյունավետ ինտեգրման ապահովմանը։ Այս ուղղությամբ ցանկանում եմ նշել Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին, որի իրականացումը կարող է արմատապես փոխել իրավիճակը ողջ տարածաշրջանում»,- նշել է Բարսեղյանը։ 

Երկրորդն, ըստ նախարարի, էներգետիկայի և էլեկտրաէներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաների ձևավորումն է՝ առանց խտրական սկզբունքների։ Այս ուղղությունը պետք է դառնա բոլոր պետությունների համար տնտեսական գործունեության հավասար պայմանների ապահովման հիմք, և դա նույնպես ՀՀ համար առաջնահերթ ուղղություն է Միության շրջանակում։ 

Երրորդը բնակչության համար որակյալ և անվտանգ սննդամթերքի կայուն հասանելիության ապահովումն է՝ առաջնային մատակարարման սկզբունքով։

«Երբ խոսում ենք համընդհանուր բարեկեցության ապահովման համար տնտեսական համագործակցության շարունակման հրամայականի մասին, անհրաժեշտ է հաշվի առնել թվայնացման ունեցած դերն ու նշանակությունը։  Դա ևս Հայաստանի համար առաջնահերթ ուղղություն է, քանի որ Հայաստանն այստեղ ունի մեծ ներուժ։ Ըստ իս՝ կարելի է բազմաթիվ նախաձեռնություններ կյանքի կոչել նաև Միության հարթակում։

Ցավոք, որոշ ուղղություններով մեր գործունեության վերաբերյալ հանրային լայն շրջանակի տեղեկացվածության ցածր մակարդակը խնդիր է։ Երբեմն քաղաքացիները տեղյակ չեն ԵԱՏՄ-ի կողմից բացվող հնարավորություններից, ուստի այստեղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կողմերի հետ համատեղ պետք է շատ սերտ աշխատի՝ տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու համար»,- ասել է Բարսեղյանը՝ մանրամասնելով, որ, օրինակ, անցնող տարում գործարկվել է արդյունաբերական համագործակցության իրականացման մեխանիզմը, ինչը եզակի հնարավորություն է՝ ազդելու տնտեսության զարգացման վրա։ 

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1204002

  • Կիսվել: