շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Խաղաղ բանակցություններն այլընտրանք չունեն, մենք պատրաստ ենք նպաստել տարածաշրջանային երկխոսություն վարելուն․ Վրաստանի վարչապետը՝ ԼՂ հարցի մասին

Խաղաղ բանակցություններն այլընտրանք չունեն, մենք պատրաստ ենք նպաստել տարածաշրջանային երկխոսություն վարելուն․ Վրաստանի վարչապետը՝ ԼՂ հարցի մասին

Վրաստանը վստահ է, որ Ղարաբաղի հարցում խաղաղ բանակցություններն ու երկխոսությունն այլընտրանք չունեն, և պատրաստ է նպաստել տարածաշրջանային երկխոսությանը: Այս մասին ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Երևանում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցում:

Նա շեշտեց, որ Հայաստանին և Վրաստանին կապում են պատմական ու բարեկամական հարաբերությունները՝ համոզմունք հայտնելով, որ ապագա համագործակցությունը ևս այս ոգով կշարունակվի:

«Վրաստանը և Հայաստանն աչքի են ընկնում իրենց պատմությամբ, ինքնօրինակ մշակույթով և հետաքրքիր ավանդույթներով: Այս արժեքների վրա պետք է կառուցվի մեր երկրների ապագան, որն ամրապնդվելու է հզոր պետական ինստիտուտների, ժողովրդավարության, թափանցիկ կառավարման, տնտեսական առաջընթացի և նորարարության միջոցով»,-ասաց Վրաստանի վարչապետը:

Ղարիբաշվիլին նկատեց, որ այս ամենը ձեռք է բերվում միայն խաղաղության ու տարածաշրջանային կայունության պայմաններում:

«Մի կողմից կորոնավիրուսի համավարակը, մյուս կողմից Ղարաբաղում պատերազմը, իհարկե նշանակալի դժվարությունների առջև են կանգնեցնել ողջ տարածաշրջանը: Կարծում եմ, որ խաղաղ բանակցություններն ու երկխոսությունն այլընտրանք չունեն»,-ասաց նա:

Ղարիբաշվիլին վստահեցրեց, որ Վրաստանը միշտ եղել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության և համագոյակցության կողմնակից, և այդ կուրսը կշարունակվի հետագայում:

«Մենք պատրաստ ենք նպաստել տարածաշրջանային երկխոսություն վարելուն և զարգացնել տնտեսությունը, առևտուրը, այլ հումանիտար հարցեր: Հենց կայունության, խաղաղության, ժողովրդավարական արժեքների ամրապնդման նպատակով է վրաց ժողովուրդն ընտրել եվրոպական և եվրատլանտյան ուղին»,-ասաց Վրաստանի վարչապետը:

Նա տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում քննարկել են համագործակցության բոլոր ուղղությունները: Կողմերն ընդգծել են, որ պետք է ունենան ինտենսիվ քաղաքական երկխոսություն, զարգացնեն առևտրատնտեսական հարաբերությունները, նոր նախագծեր քննարկեն, համագործակցեն այնպիսի ուղղություններում, ինչպիսին են տրանսպորտը, էկոնոմիկան, նորարարությունները, մշակույթը: «Եվ չնայած, արդեն առկա ինտենսիվ հարաբերություններին, դեռ ունենք զարգացման հնարավորություն»,-նշեց նա:

  • Կիսվել: