չորեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2025
Խաչատուրյանն այցելել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանատուն՝ Վրաստանի Անկախության օրվա կապակցությամբ

Խաչատուրյանն այցելել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանատուն՝ Վրաստանի Անկախության օրվա կապակցությամբ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Վրաստանի դեսպանատուն՝ Վրաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Նախագահը ջերմորեն շնորհավորել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին՝ իր բարեմաղթանքները փոխանցելով Վրաստանի բարեկամ ժողովրդին։ Հանրապետության նախագահը հաջողություններ և բարգավաճում է մաղթել Վրաստանին՝ ընդգծելով հայ-վրացական ավանդական բարեկամության և գործընկերության կարևորությունը։

Նախագահ Խաչատուրյանը հատկապես կարևորել է հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը՝ այն համարելով հուսալի հիմք՝ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված համագործակցության զարգացման համար։ Նրա խոսքով՝ Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված քաղաքական երկխոսությունը, տնտեսական համագործակցությունը և մշակութային կապերը պետք է շարունակեն զարգանալ՝ ի շահ երկու ժողովուրդների:

«Ի սրտե շնորհավորում եմ։ Մենք՝ որպես անկախ պետություններ, պարտավոր ենք փոխանցել մեր ժառանգներին և ապագա սերունդներին այն ժառանգությունը, որն ունենք՝ պահպանելով մեր տարածքային ամբողջականությունը, ինքնությունը և ինքնիշխանությունը»,- իր խոսքում նշել է նախագահ Խաչատուրյանը։

Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախագահին այցի և շնորհավորանքների համար։

«Մեզ համար մեծ պատիվ է այստեղ Ձեզ հյուրընկալելը։ Դուք ճիշտ նշեցիք, որ այն, ինչ ձեռք ենք բերել 1918 թվականին, պետք է փոխանցենք մեր ժառանգներին։ Ցանկանում եմ նաև ընդգծել, որ մեր դեսպանության դռները միշտ բաց են երիտասարդների առաջ»,- նշել է դեսպանը։

Հանդիպման ընթացքում կողմերը նաև կարևորել են տարածաշրջանում խաղաղության, կայունության և համագործակցության խորացման անհրաժեշտությունը՝ որպես երկու հարևան ժողովուրդների ընդհանուր տեսլականի կարևոր բաղադրիչ։

 

  • Կիսվել: