շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Կենտրոնը» չէ՞ր լիազորել

«Կենտրոնը» չէ՞ր լիազորել

Արցախի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճին Մասիս Մայիլյանի բացակայությունը, երեւի, պետք է գնահատել մի սկզբունքային դիտանկյունից՝ քարոզարշավի ընթացքում նա եւ թիմակիցները շեշտադրում էին, որ իշխանությունը պետք է հաշվետու լինի հանրությանը, գրում է քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը:

«Մայիլյանը ֆորմալ առումով իշխանություն է, գլխավորում է Արցախի արտաքին գործերի նախարարությունը եւ պարտավոր էր առնվազն ԼՂ կարգավորման հարցում հաշվետու լինել՝ ի՞նչ է արվել, ո՞ր փուլում է բանակցային գործընթացը, ի՞նչ զարգացումներ են սպասվում կամ գոնե կանխատեսվում: Մայիլյանը հանրության սպասումներն արհամարհեց, խուսափեց հաշվետվություն տալ ԱԳ նախարարի պաշտոնում 2017թ. սեպտեմբերից ի վեր կատարած աշխատանքների մասին, չասաց, թե ինչ ժառանգություն է ստացել, ինչ է թողնում իրահավաջորդին, նախագահ ընտրվելու դեպքում արտաքին քաղաքական ինչ ուղեգիծ է մշակելու եւ փորձելու իրականացնել: Նա չեղարկեց իշխանության հանրային վերահսկողության՝ իր կողմից շրջանառության դրած թեզը: Պատճառն անձնակա՞ն էր, մրցակիցների հետ այդ հարցում նա տարակարծի՞ք է: Հնարավոր է: Բայց այդ դեպքում ինչու՞ չասել ազնվորեն, չհիմնավորել սեփական տեսակետը: Հեռուստաբանավեճը բացառիկ հնարավորություն էր, որպեսզի նա փայլեր հարցի իմացությամբ, լուծման սեփական տեսակետով: Գուցե դա նրան հանրային մեծ աջակցությու՞ն կբերեր:

«Հաշտության ռեսուրսներ» բրիտանական ոչ կառավարական կազմակերպության հովանավորությամբ տարիներ առաջ կատարած ուսումնասիրության եզրափակիչ մասում Մայիլյանը գտնում էր, որ ԼՂ հարցում պաշտոնական տեսակետը չի համընկնում հանրայինին եւ հորդորում էր երրորդ սեկտորի եւ անկախ լրատվամիջոցների ստեղծմամբ հնարավորություն ունենալ՝ բացահայտելու իրական պատկերը:

Մեկ ամսից ավելի տեւած քարոզարշավը նա չօգտագործեց հանրության հետ այդ թեմայով անկեղծ երկխոսություն ունենալու համար: Ինչու՞: «Կենտրոնը» չէ՞ր լիազորել, որ նա բացի խաղաքարտերը: Բայց այդ դեպքում ինչու՞ պիտի հանրությունը Մայիլյանին հավատար: Հեռուստաբանավեճին նրա բացակայությունը, որ շատերը բացատրում են ԼՂ հարցում տեսակետ հնչեցնելուց խուսափելու հանգամանքով, ավելի խորացրեց Մայիլյանի մեկուսացվածությունը»,- գրում է քաղաքագետը:

  • Կիսվել: