երեքշաբթի, հոկտեմբեր 20
20 / 10 / 2026
Կայանալիք ԱՀ տեղական ինքնակառավարման մարմինների նոր՝ հերթական ընտրությունների նախապատրաստման միջոցառումները պատշաճ ձևով կատարված են. ԱՀ ԿԸՀ նախագահ

Կայանալիք ԱՀ տեղական ինքնակառավարման մարմինների նոր՝ հերթական ընտրությունների նախապատրաստման միջոցառումները պատշաճ ձևով կատարված են. ԱՀ ԿԸՀ նախագահ

2021թվականի հոկտեմբերի 10-ին կայանալիք ԱՀ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման միջոցառումների ժամանակացույցով հաստատված բոլոր միջոցառումները մինչև սույն թվականի հոկտեմբերի 8-ը պատշաճ ձևով կազմակերպված են և ըստ ժամանակացույցի կատարված:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սիրան Ավետիսյանը:

«Առաջին անգամ 44-օրյա պատերազմից հետո անց են կացվում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, և շատ կարևոր է, որ այս ընտրությունները հնարավորինս լուսաբանվեն բոլոր լրատվամիջոցներով: ԱՀ կառավարության որոշմամբ՝ հաստատված համայնքներում նոր հերթական ընտրությունների լուսաբանման համար հավատարմագրվել են 4 լրատվամիջոցեր՝ ընդհանուր 27 ներկայացուցիչով և 2 դիտորդական կազմակերպություններ՝ 17 ներկայացուցիչով», - նշեց Ս. Ավետիսյանը:

Անդրադառնալով ընտրություններին մասնակցող թեկնածուներին՝ մեր զրուցակիցը նշեց.

«Մարտունու շրջանի Հերհեր համայնքում գրանցած է համայնքի ղեկավարի 1, Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի համայնքում ղեկավարի ՝ 1, Ասկերանի շրջանի Ծաղկաշատ համայքում ղեկավարի՝ 2 և ավագանու անդամների՝ 5 (այստեղ առաջին անգամ անց են կացվում տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ ընտրություններ), Խաչմաչ համայնքում ղեկավարի՝ 2 թեկնածուներ»:

2021թվականի հոկտեմբերի 10-ին կայանալիք ԱՀ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ տեղեկություններին հնարավոր է ծանոթանալ ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում։

  • Կիսվել: