շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Կաթողիկոսը վճռական է՝ կատարելու իր պարտականությունները. Ջոն Էյբներ

Կաթողիկոսը վճռական է՝ կատարելու իր պարտականությունները. Ջոն Էյբներ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարերգին Բ-ն ամուր, հաստատուն և վճռականությամբ լի կանգնած է՝ պաշտպանելու ազգին, հոտին և կատարելու իր պարտականությունները։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության նախագահ Ջոն Էյբները:

Նա նշեց, որ Էջմիածնում հանդիպել է Վեհափառի հետ։

Ըստ Ջոն Էյբների՝ իրենց կազմակերպությունը Հայաստանում է՝ հետևողական աշխատանք կատարելու և հասկանալու համար, թե եկեղեցու և պետության միջև ճգնաժամն ինչպես է փոխվել։

Հիշեցնենք, որ Christian Solidarity International-ի պատվիրակությունը փաստահավաք առաքելությամբ Հայաստան էր այցելել 2025 թվականի նոյեմբերին։

«Այսօր առավոտյան նաև կարողացանք բանտում այցելել արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին։ Նա նույն բանտախցում էր, որտեղ 1937 թվականին սպանվել է հենց իր անունը կրող Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյանը՝ խորհրդային ուժերի կողմից։ Մենք շատ ուրախ ենք նրան տեսնել քաջ առողջությամբ, բարձր տրամադրությամբ։ Ի դեպ, արքեպիսկոպոսը մեզ ասաց, որ իր համար մեծ շնորհ է իր ազգին ծառայել բանտախցից։ Զարմանալիորեն նա դրական է տրամադրված՝ վստահ լինելով, որ ի վերջո արդարությունը, հաշտությունը գերիշխելու է Հայաստանում», - ասաց Ջոն Էյբները։

Էյբները նշեց, որ Բագրատ Սրբազանն իրենց երկու նամակ է տվել, որոնցից մեկն ուղղված է միջազգային կրոնական ազատության վեհաժողովին, որն այս պահին տեղի է ունենում Վաշինգտոնում, իսկ մյուսը՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, որը շուտով կայցելի Հայաստան և Ադրբեջան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բագրատ Սրբազանը կալանավորվել է 2025 թվականի հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցներն ու ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։

  • Կիսվել: