շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կաթողիկոսները նպատակահարմար չեն գտել մասնակցելու մեր միջոցառմանը. Սինանյանը՝ Հայաստան-սփյուռք համաժողովին կաթողիկոսների չմասնակցելու մասին

Կաթողիկոսները նպատակահարմար չեն գտել մասնակցելու մեր միջոցառմանը. Սինանյանը՝ Հայաստան-սփյուռք համաժողովին կաթողիկոսների չմասնակցելու մասին

Իրենք նամակ են գրել, որի մեջ գրել են, որ նպատակահարմար չեն գտել. երևի նպատակահարմար չեն գտել: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե ինչու հոկտեմբերի 28-31-ը Երևանում կայանալիք Համաշխարհային հայկական համաժողովին չեն մասնակցելու Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները:

Լրագրողի այն հարցին, թե ինչով է պայմանավորված, որ սփյուռքում Սինանյանին և իշխանության տարբեր ներկայացուցիչներին ոչ բարյացակամ են ընդունում, Սինանյանն ասաց, որ դա անհեթեթություն է և նման բան չկա.

«Դե հա՝ ի՞նչ, նույն դաշնակցական երիտասարդների խումբն է: Նրանք սփյուռքի 0,0001 տոկոսն են կազմում: Ձեզ մի ապացույց բերեմ, որ այդ հարցը չտաք երբևէ. Միացյալ նահանգներում ես 10 օրվա մեջ ունեցել եմ 39 հանդիպում և դաշնակցությունը, այն էլ դա դաշնակցությունը չի, այլ դաշնակցության անօրինական թևն է ԱՄՆ-ում, որովհետև արևմտյան ափի կենտրոնական կոմիտեն բաղկացած է հայրենասեր, գաղափարական դաշնակցականններից, այդ՝ ոչ լեգիտիմ ճյուղը մոբիլիզացրել է մի խումբ երեխաների և կարողացել է մոտ 45 րոպեով խանգարել 39 հանդիպումներից 1-ը»,- նշեց նա:

Հարցին, թե մտավախություն չկա, որ Հայաստան-սփյուռք համաժողովը կտապալվի մասնակիցների համակողմանի չներկայանալու պատճառով, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ասաց, որ ամենևին՝ ոչ:

Պնդմանը, թե պասիվացել է սփյուռքի ներդրումը Հայաստանում, նա նշեց, որ ինքն իր աչքով չի նկատել և պետք է Էկոնոմիկայի նախարարությանը հարցնել.

«Ես շատ եմ առնչվում դրա հետ, հետևաբար, չեմ կարող ասել ավելի պասիվ է. պասիվացել է ինչի՞ հետ համեմատած՝ 2018 թվականի հետ համեմատած չի պասիվացել»,- ընդգծեց նա:

Արդյոք սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով եղել են նախատեսված ծրագրեր, որոնք չեղարկվել են, Սինանյանն ասաց, որ տեղյակ չէ.

«Չեմ զարմանա, որ լինեն ծրագրեր, որոնք չեղարկված լինեն: Ներդրողները նայում են ռիսկայնությանը և, ըստ այդմ, կողմնորոշվում են»,- ասաց Զարեհ Սինանյանը:

  • Կիսվել: