հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կարծում եմ՝ Սյունիքի մարզով Ադրբեջանին միջանցք չի կարող տրամադրվել․ Արմեն Խաչատրյան

Կարծում եմ՝ Սյունիքի մարզով Ադրբեջանին միջանցք չի կարող տրամադրվել․ Արմեն Խաչատրյան

Պետք է ամեն ինչ անել, որ ՀՀ շահը չանտեսվի, իսկ այդ շահը ենթադրում է, որ Մեղրիի տարածքով ադրբեջանցիները չեն կարող ունենալ միջանցք։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Դիտարկմանը, թե մի կողմից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայատյաց հայտարարություններ է անում, մյուս կողմից խոսվում է ճանապարհների ապաշրջափակման մասին, Խաչատրյանն արձագանքեց, թե այն, որ ճանապարհների ապաշրջափակումը ՀՀ-ի համար կարևորագույն հարց է, միանշանակ է։

«Այն, որ ճանապարհների ապաշրջափակումից հետո տնտեսության մեջ զգալի փոփոխություններ կզգանք և նոր հեռանկարներ կունենանք, դա ևս միանշանակ է, բայց այն պատկերացումները, որոնք ապաշրջափակման վերաբերյալ ունի Ալիևը, մեզ համար, մեծ մասամբ, գուցե, անընդունելի են։ Դուք, երևի, նշում եք Սյունիքի մարզով ինչ-որ միջանցք տրամադրելու հարցը․ ես կարծում եմ՝ նման հարց չկա, չի էլ կարող լինել Սյունիքի մարզով միջանցքի տրամադրում Ադրբեջանին։ Բազմաթիվ ճանապարհներ կան, որոնք կարելի է ապաշրջափակել և Ադրբեջանի ու Նախիջևանի կապն ապահովել՝ ոչ Սյունիքի մարզով ինչ-որ միջանցքի տրամադրում։ Նման հարց չի կարող լինել»,-հայտարարեց նա։

  • Կիսվել: