ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԼՂ-ում Պուտինի նկարն էին բացում, գրում էին՝ «Спасибо, Россия», բայց հուսախաբություն եղավ․ Ալեն Սիմոնյան

ԼՂ-ում Պուտինի նկարն էին բացում, գրում էին՝ «Спасибо, Россия», բայց հուսախաբություն եղավ․ Ալեն Սիմոնյան

Լավրովը եկել է Երևան, հետո գնացել է Բաքու, և Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի սահմանների վրա: Ինչ հետևություններ եք անում դրանից, արդյոք ռուսական կողմը հրահրե՞լ է պատերազմ: Լրագրողի այս հարցին ի պատասխան՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց.

«Վատ է, շատ վատ է, ինչ հետևություններ պետք է անեմ: Դուք հիմա սպասում եք, որ ԱԺ նախագահը պետք է մեղադրանք հնչեցնի հարևան պետության ուղղությամբ: Ես չեմ հնչեցնի նման հայտարարություն: Ես կարծում եմ, որ իրականությունը Հայաստանի հանրությունը և ԼՂ բնակչությունը շատ լավ գիտեն, և այն հուսախաբությունը, որը տեղի ունեցավ ԼՂ-ում. հիշում եք՝ Z տառն էին գրում, Պուտինի նկարն էին բացում, գրում էին` «Спасибо, Россия»: Այդ ամեն ինչը մեկ օրվա մեջ փոխվեց, և տեսանք, որ ռուս խաղաղապահներն անգործությամբ թույլ տվեցին և դուրս ուղեկցեցին ԼՂ բնակչությանը Ղարաբաղից: Կարծում եմ, որ պետք չի, որ կոնկրետ, ուղիղ հայտարարություններ արվեն»:

«Անընդհատ դժվար է լսել, որ ուզում են տպավորություն ստեղծել, որ իբր այս ամենը տեղի է ունեցել, երբ ընդամենը մեկ տարի առաջ Հայաստանն ասել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այսինքն՝ գտել են մի կետ, անընդհատ դրա մասին խոսում են, որպեսզի դա իրականություն դառնա, բայց դա իրականություն չի դառնալու»,- նշեց ԱԺ նախագահը:

Նա, այնուհանդերձ, ավելացրեց, որ Ռուսաստանն այս պահի դրությամբ դաշնակցային պետություն է: «Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ դաշնակիցն իր պարտավորությունները ինչ-որ պահի գոնե սկսի իրականացնել»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

  • Կիսվել: