Կարող ենք Ռուսաստանի միջնորդությամբ սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսել. ԱԽ քարտուղար
ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ տարածաշրջան այցը ևս մեկ անգամ հաստատում է, որ ԼՂ կոնֆլիկտն ավարտված չէ, և անհրաժեշտություն կա, որպեսզի կոնֆլիկտի բաղադրիչները, որոնք լուծում չեն ստացել, ևս լուծում ստանան: Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Խոսելով սահմանազատման ու սահմանագծման մասին՝ նա ասաց, որ Հայաստանը դրան պատրաստ է, բայց դրա վերաբերյալ Ադրբեջանից վերջերս ՛՛դրական ազդակներ՛՛ չի ստացել։
ԱԽ քարտուղարը միաժամանակ խոսեց նաև Ռուսաստանի միջնորդությամբ սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելու հնարավորության մասին։ Նա նշեց. ՛՛Ինչ վերաբերվում է սահմանազատմանը, սահմանագծմանը, Հայաստանը պատրաստ է։ Ի դեպ, մայիսին Ադրբեջանն էլ էր ասում, որ պատրաստ է, բայց մինչև վերջերս՝ մի քանի օր առաջ ՄԱԿ-ի շրջանակում Ադրբեջանի նախագահի կողմից հայտարարություններում մենք դրական ազդակներ չենք ստացել, որ Ադրբեջանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման։
Եթե այս հայտարարություններն իսկապես լուրջ պատրաստակամություն են, ապա, կարծում եմ, մենք կարող ենք առաջ գնալ՝ Ռուսաստանի միջնորդությամբ սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսենք, հստակեցնենք, և այս հարցին, որը գոյություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև, ևս լուծում տանք և փորձենք նաև մնացած այլ հարցերը, որոնք գոյություն ունեն, լուծենք՛՛: