Կարող են նույնիսկ հարյուրավոր մարդիկ մահանալ․ Փաշինյանը հորդորում է պահպանել պարետատան կանոնները
Հայաստանում մահվան թվերն էականորեն կավելանան, քանի որ վերակենդանացման բաժանմունքներն ամբողջությամբ լցված կլինեն պացիենտներով ու մենք չենք կարողանա մարդկանց օգնություն ցույց տալ: Այս մասին Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, որ հիվանդությունը մեծամասնության մոտ անցնում է ասիմպտոմ, մարդիկ իրենք իրենց վրա լուրջ առողջական խնդիրներ չեն զգում։
«Սակայն, եթե մենք այս դինամիկան չկոտրենք լուրջ պրոբլեմների առաջ ենք կանգնելու, ամեն օր մեզ մոտ տասնյակ մարդիկ են մահանալու կորոնավիրուսից:
Կարող են նույնիսկ հարյուրավոր մարդիկ մահանալ, ինչը նշանակում է, որ մենք ստիպված կլինենք մտցնել ամենախիստ սահմանափակումները: Դա չանելու միակ ձևը մեզանից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունն է:
Պահպանեք սոցիալական հեռավորություն, իրար հետ զրուցելիս դիմակ կրեք։ Ես կոչ եմ անում, խնդրում եմ, պահանջում եմ խստորեն պահպանել պարետատան պահանջները՝ սկսած թաղումներից:
Մեր ամենամեծ պրոբլեմն այն է, որ համայնքներում, տեղ տեղ նաև Երևանում թաղումներն իրականացվում են այնպես, կարծես բան չի պատահել: Մենք դեպքեր ունենք, երբ թաղումները դառնում են համատարած բռնկումների պատճառ: Պետք է հետևել նաև, որպեսզի բանկերը, խանութները, դեղատները պահպանեն հերթի կանոնները: Փակ տարածքներում որևէ մեկն իրավունք չունի առանց դիմակի մտնելու: Մենք տուգանելու ենք, գանձելու ենք այդ տուգանքները: Սա ազգային անվտանգության հարց է»,-ասաց նա: