ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կարո՞ղ էիք Սերժ Սարգսյանի հետ այդպես խոսել. թեժ բանավեճ՝ Փաշինյանի ու Մարուքյանի միջև

Կարո՞ղ էիք Սերժ Սարգսյանի հետ այդպես խոսել. թեժ բանավեճ՝ Փաշինյանի ու Մարուքյանի միջև

Եթե գալու եք այստեղ, ուժեղ ելույթ ունենաք, հետո Սիսակին ասեք՝ մի հատ հարց կտաս, գամ ելույթս սրբագրեմ, արդարանամ, իմաստը ո՞րն է: Նման հարց, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին տվեց ԼՀ ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Մի բան էլ հարցնեմ՝ կարող ա՞ Ձեր ֆեյսբուքի աքաունթը գողացել են: Ինչո՞ւ է խորհրդարանի նիստն այդպես անլրջացվում: Ես իմ ելույթում Ձեզ հարցրել եմ, դուք հաստատել եք, որ նկատի եք ունեցել այն, ինչ ես ասել եմ: Դրանից հետո սրբագրել չի լինելու: Դա ամբողջատիրական բնույթի մտախողության ելույթ էր առ այն, որ իրավական պաշտպանության որևէ միջոց ձեռնարկողը կհամարվի հակապետական ուժ: Իրավական պետության մեջ այդպես չի կարող լինել: Այլակարծության հարգանք չկա»,-ասաց նա:

 «Ինձ միշտ թվացել է, որ մենք նույն դաշտում ենք եղել՝ հակապետական ենք համարել այն ուժերին, ովքեր խոչընդոտում են ժողովրդի ազատ կամարտահայտմանը: Ես հիմա տեսնում եմ, թե Դուք հեղափոխությունից հետո ոնց եք… Եկեք նայենք Ձեր ելույթները Սերժ Սարգսյանի ժամանակ, նայենք Ձեր տոնը, բառապաշարը, համեմատենք հիմիկվա հետ: Վայելեք ազատությունը, որը հեղափոխությունը Ձեզ բերել է: Բայց գոնե ընդունեք դա: Դուք կարո՞ղ էիք Սերժ Սարգսյանի հետ էդպես խոսել: Որևէ վարչապետի ներկայությամբ այսպես չէիք խոսի: Ես հասկանում եմ, որ կարող ա էդ աթոռից է (Մարուքյանը հիմա նստում է Փաշինյանի աթոռին)»,-պատասխանեց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է Վանաձորում Լուսավոր Հայաստանի դեմ հանձնարարական տալուն, վարչապետը բացառեց դա՝ ասելով. «Եթե ձեզ սպառնում եմ, ապացույցը տվեք, գնանք բռնենք պատժենք: Դուք ասել եք, որ ձեզ սպառնացել են, ես ԱԱԾ-ին հանձնարարել եմ, որ գտնեն սպառնացողներին: Հիմա Դուք մտածում եք, որ ես պետք է ձեզ սպառնամ, Ձեր հետևից մարդ ուղարկեմ, Ձեր ավտոն վառեմ: Լո՞ւրջ եք ասում: Չեմ ուզում կոպիտ բան ասեմ, ուղարկողների առաջ շատ բարեհամբույր, ժպիտի մեղմ դոզայով եք խոսացել: Բայց ես դեմ չեմ, վայելեք սա, հարձակվեք մեզ վրա: Նկատի ունեմ՝ քաղաքական»:

Մարուքյանն էլ վստահեցրեց, որ իր՝ յոթ տարի պատգամավոր եղած ժամանակ Սերժ Սագսյանը մեկ անգամ է մտել դահլիճ: Նա ասաց. «Ես երկու ելույթի հնարավորություն եմ ունեցել, երկու անգամ էլ նայել եմ աչքերի մեջ ու ասել եմ այն, ինչ մտածում եմ: Դրանից առաջ  նույնն արել եմ Կարեն Կարապետյանի, Հովիկ Աբրահամյանի, Տիգրան Սարգսյանի մասով: Ես զարմանում եմ, իշխանությունը խնդի՞ր է առաջացնում հիշողության հետ: Էտ որտե՞ղ ենք սփրթնած եղել: Իրավապաշտպան ժամանակ եմ սփրթնած եղե՞լ: Ինչ վերաբերում է Վանաձորի աուդիտին, ապա գտեք, թե ովքեր են անողները: Ինչ վերաբերում է տոնին, ապա ես պատասխանել եմ այն տոնով, որով Դուք խոսել եք»:

  • Կիսվել: