ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կարևորելով մեծահասակների ուսումնառությունը. «ԿրթաԲԱՑ» արշավի շրջանակում կանցկացվի նոր մրցույթ

Կարևորելով մեծահասակների ուսումնառությունը. «ԿրթաԲԱՑ» արշավի շրջանակում կանցկացվի նոր մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Դի-Վի-Վի ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակը հայտարարում են մրցույթ «Ոչ ֆորմալ լրացուցիչ և շարունակական կրթության լավագույն կառույց» անվանակարգում:

Այդ մասին հայտարարել են «Դի-Վի-Վի ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները ՄՈՒԿ (Մեծահասակների ուսումնառություն և կրթություն) կազմակերպությունների և Մեծահասակների կրթության կենտրոնների հետ հանդիպման ընթացքում, որին ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ ներկայացուցիչը:

Մրցույթը հայտարարվելու է «Դի-Վի-Վի ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակի գործունեության 20-ամյակի և «ԿրթաԲԱՑ» արշավի շրջանակում՝ որպես Մեծահասակների ուսումնառության և կրթության բնագավառի լավագույն կառույցների վերհանման և արժևորման նախաձեռնություն:

Մրցույթին ինքնառաջադրման հայտեր կարող են ներկայացնել ՀՀ-ում գործող և առնվազն 3 տարի լրացուցիչ ու շարունակական ոչ ֆորմալ կրթական ծրագրեր իրականացնող կառույցները, այդ թվում՝ ՀԿ-ներ, հիմնադրամներ, մասնավոր կրթական կառույցներ, բուհական կենտրոններ և այլն:

Կառույցների կրթական ծրագրերից առնվազն 60 տոկոսի շահառուները պետք է լինեն 18 տարեկանից բարձր անձինք:

Հայտերի ներկայացումը կսկսվի 2022 թ. հունիսի 20-ից և կավարտվի 2022 թ. սեպտեմբերի 30-ին: Հայտադիմումների վերաբերյալ մանրամասները կներկայացվեն լրացուցիչ:

Նշենք, որ «ԿրթաԲԱՑ»-ը մեծահասակների ուսումնառության և կրթության հանրայնացման արշավ է, որի նպատակն է լայն հանրությանը ցույց տալ, որ ցկյանս ուսումնառությունը իրավունք է բոլորի համար՝ անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից, և այս համատեքստում ոչ ֆորմալ կրթությունը հեռանկարներ բացող հնարավորություն է ու մարդու ներքին ռեսուրսները բացահայտող գործընթաց:

  • Կիսվել: