Վեթինգը կա, վեթինգը շարունակվում է․ Կարեն Անդրեասյան
Անցնցում արդարադատություն ունենալու համար ամենակարևոր քայլերից մեկը դատավորների կարգապահական պատասխանատվության համակարգի ճիշտ գործարկումն է:
Ժողովրդավարության հայկական ֆորումին այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ այն աշխատանքը, որ հիմա արվում է դատավորների կարգապահական պատասխանատվության համակարգում, նախարարության ամենակարևոր, ամենաարդյունավետ և ամենալուրջ քայլերից մեկն է, որի մասին հասարակությունը, ցավոք սրտի, դեռ լիարժեք պատկերացում չունի:
«Մենք զբաղվում ենք դատավորների ավելացմամբ, նոր դատարանների ստեղծմամբ, նոր դատավորներին շենքային և աշխատանքային պայմաններ ապահովելով, դատավորների համար աշխատավարձերի բարձրացմամբ, բայց այս ամենը միասին բավարար չէ: Ամեն դատավոր վճիռը կայացնելիս պիտի իմանա, որ կա կարգապահական վարույթ հարուցող մարմին, որն օբյեկտիվ է: Ամեն դատավոր պիտի իմանա, որ երբ էթիկայի հանձնաժողովը, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բերում են այդ կարգապահական վարույթները բարձրագույն դատական խորհուրդ, այնտեղ լինելու է արդար որոշում: Այսօր առավոտյան կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մի քանի դատավորների հետ կապված գաղտնի փաստաթղթեր է ուղարկել՝ հերթական անգամ բացահայտելով կոռուպցիոն լուրջ ռիսկեր»,– ասաց նա։
Նա անդրադարձավ հարցին, թե արդյոք վեթինգ լինելու է։ «Վեթինգ լինելու է թե ոչ՝ այդ չարաբաստիկ հարցի պատասխանը, կարծում եմ, տրվեց վերջին ամիսների ընթացքում․ վեթինգը կա, վեթինգը շարունակվում է, բայց այն վեթինգը չէ, որի մասին խոսում էին հասարակական, քաղաքական գործիչները, այդ մեծ վեթինգի համար անհրաժեշտ են սահմանադրական բարեփոխումներ»,– ասաց նա։
Նախարարը նշեց, որ հասկանում են, որ չեն կարող մեկ օրում դատարկել դատական համակարգը և չունենալ արդարադատության կոլապս։ Նա կարևորեց դատավորների կարգապահական պատասխանատվության համակարգի ճիշտ գործարկումը և սա լավագույն ճանապարհը համարեց, որ անցնցում ունենանք արդարադատություն։



