ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կառավարությունը կփոխհատուցի հանրակացարաններում ապրող 100 միայնակ թոշակառուների գազի, հոսանքի, ջրի վարձերը

Կառավարությունը կփոխհատուցի հանրակացարաններում ապրող 100 միայնակ թոշակառուների գազի, հոսանքի, ջրի վարձերը

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 13-ի նիստում սահմանեց Հայաստանում սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների փոխհատուցման կարգը, ինչպես նաև 2022 թվականին փոխհատուցման ենթակա ծախսերի ծավալները:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ փոխհատուցման ենթակա ծախսերը ամրագրված են ՀՀ 2022 թվականի պետական բյուջեում, որը յուրաքանչյուր կենսաթոշակառուի համար կազմում է 144,0 հազ. դրամ, շահառուների քանակն այս տարի 100 է։

Սակայն Որոշման կիրարկման հետ կապված 2021 թվականին ծագել էին անհաղթահարելի խնդիրներ. մասնավորապես՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հունվարի 15-ին ճշտել և ստացել էր սոցիալական բնակֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների տվյալները, դրանք հաստատել նախարարի հրամանով և դիմել «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ՝ պայմանագիր կնքելու առաջարկով, սակայն բանկից ստացել մերժում։ Մյուս  բանկերից ոչ մեկը չի համաձայնել համագործակցել նախարարության հետ, քանի որ փոխհատուցման նշված ծրագիրը բարդ է իր պահանջներով, իսկ բանկային ծառայությունները պետք է իրականացվեին անհատույց։

Նախարարությունը ընկերություններին կտրամադրի ծրագրի շահառուների գազամատակարարման, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման հաշվառման քարտի համարանիշերը, ինչպես նաև յուրաքանչյուր ամիս կփոխանցի շահառուների կողմից ծախսված բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրի ամսական ընդհանուր գումարը, իսկ փոխանցված գումարը ընկերությունը կբաշխի շահառուների գազամատակարարման, էլեկտրաէներգիայի և ջրի վարձավճարների համապատասխան հաշվեհամարներին։

Հաշվի առնելով համապարփակ երկարատև մասնագիտական քննարկումները՝ առավել արդյունավետ համարվեց վճարումը կատարել ծառայություններ տրամադրող ընկերությունների պայմանագրերի միջոցով, տրամադրելով բոլոր շահառուների անհատական աբոնենտային համարները՝ ապահովելով շահառուների օժանդակություն ստանալու հասցեականությունը և խուսափելով այն ծառայություն վերածելուց։ Վերոհիշյալ կազմակերպությունները համաձայն են, և դրա մասին հայտնել են իրենց տեսակետը գրավոր։ Այն բխում է նաև վերոհիշյալ հանձնարարականից՝ վարչարարությունը թեթևացնելու նպատակով, քանի որ նախարարությունը ընդամենը մեկ անգամ տրամադրելու է շահառուների ցուցակը՝ ըստ կազմակերպությունների, և այն թարմացնելու է ըստ անհրաժեշտության։ Դրանով շահառուի համար ևս գործընթացը դյուրին կլինի։

  • Կիսվել: