կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Կառավարությունը համաձայնություն տվեց Վերաքննիչ վարչական ու քաղաքացիական, նաև սնանկության դատարանների դատավորների թիվն ավելացնելու առաջարկին

Կառավարությունը համաձայնություն տվեց Վերաքննիչ վարչական ու քաղաքացիական, նաև սնանկության դատարանների դատավորների թիվն ավելացնելու առաջարկին

Գործադիրը հավանություն տվեց ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի և Սնանկության դատարանի դատավորների թվակազմն ավելացնելու վերաբերյալ առաջարկությանը: Նախագծերի փաթեթով կապահովվի քաղաքացիների և իրավաբանական անձանց համար ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի իրացման հետ կապված խնդիրների հաղթահարումը. Կառավարության նիստում ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը:

Նրա խոսքով՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանում ներկայումս գործում է 5 դատական կազմ՝ ընդհանուր 15 դատավորի թվակազմով: 

«2019-ի ընթացքում քննվել է 7168 գործ, 2020-ին՝ 7207 գործ: Վերաքննիչ վարչական դատարանում 3 կազմ է գործում՝ 9 դատավորի թվակազմով և դատարանի նախագահով: 2019-ին քննվել է 6785 գործ, 2020-ին՝ 6317 գործ: Սնանկության դատարանը գործում է 12 դատավորի թվակազմով»,- ասաց Բադասյանը:

Արդարադատության նախարարի պաշտոնակատարը նաև ներկայացրեց, որ Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի տվյալներով՝ 2010-2018 թվականների ընթացքում  100 հազար բնակչին Հայաստանում հասնում է միայն 8 դատավոր, մինչդեռ միջինում ընդունելի չափանիշը կազմում է 17.7 դատավոր: 

«Այս նախագծերով առաջարկում ենք Վերաքննիչ քաղաքացիական դատարանում ավելացնել 1 կազմ՝ 3 դատավոր, Վարչական վերաքննիչ դատարանում կրկին 1 կազմ՝ 3 դատավոր, Սնանկության դատարանում՝ 4 դատավոր: Բյուջետային ֆինանսավորմամբ նախատեսված է ևս 6 հաստիքի ավելացում Առաջին ատյանի դատարանում քաղաքացիական գործեր քննող դատավորների համար, և Բարձրագույն դատական խորհուրդը հիմա աշխատանքային պայմանների ապահովման խնդրով է զբաղվում»,- ասաց Բադասյանը:

  • Կիսվել: