Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավ-էքսկլավների խնդրի լուծման հնարավորություններին
Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավ-էքսկլավների խնդրի լուծման հնարավորություններին։
Միրզոյանը շեշտել է, որ անկլավ-էքսկլավների փոխանակումը լուծման հնարավոր տարբերակներից մեկն է, տեսականորեն կարող են լինել նաև այլ տարբերակներ։
«Կարող եմ ասել, որ ադրբեջանական կողմից ևս կա կառուցողական մոտեցում այս հարցի նկատմամբ»,- եզրափակել է ՀՀ ԱԳՄԱ նախարարը։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր.
«Հայաստանը պետք է ունենա 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածք։ Սահմանների սահմանազատումը և սահմանագծումը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա պետք է տեղի ունենա այս տրամաբանությամբ։ Անկլավ-էքսկլավների խնդիրը պետք է լուծվի հետևյալ բանաձևով՝ սահմանի այս և այն կողմում անկլավներ և էքսկլավներ չպետք է լինեն, այսինքն՝ երկու երկրները՝ Հայաստանը և Ադրբեջանը, համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն»,- ասել էր Փաշինյանը։



